9 հոգով՝ 15 քառակուսի մետրանոց տնակում․ 8-րդ զավակով հղի Լուսինե Աղաբաբյանը, նրա 7 երեխաներն ու սկեսուրը Արցախի Հաթերք գյուղից գրեթե ոտաբոբիկ են փախել։
Լուսինեն «Ազատության»-ը պատմեց՝ լուսաբաց էր, երեխաները քնած էին, ինքն էլ հաց էր թխում, երբ տանը շատ մոտ լսվել են պայթյունի ձայները, երեխաներին արթնացրել է քնից ու միանգամից պատուհանից դուրս հանել։ Մի քանի մետր հեռացել են ու տեսել, թե ինչպես է իրենց նորակառույց տունը պայթում։ Կինն ասում է 90-ականներին ճիշտ նույն կերպ ինքն է փրկվել արկերից։
«6 տարեկան էի, տատիկս էլի հաց էր թխում թոնրում, որ թուրքերը խփեցին, հացերը թողեցինք թոնրի մեջ, մենք փախանք։ Փոքր էի էն ժամանակ, հիմա էդ պահը հիշեցի՝ հիմա էլ ես եմ հաց թխում, իմ երեխեքին վերցնեմ փախնեմ։ Էդ օրը ո՛չ հաց եմ վերցրել, ո՛չ ջուր եմ վերցրել, եկել ենք, մի չորս-հինգ օր չոլերում մնացել», - պատմեց Լուսինեն։
33-ամյա կնոջ եղբայրներն առաջնագծում են, ամուսինն էլ նրանց և մյուսներին սնունդ և անհրաժեշտ իրեր է հասցնում։ Լուսինեն նրանց հետ վերջին անգամ հինգ օր առաջ է խոսել, հեռախոս չունի, հարևանի բջջայինից է օգտվում, հենց այդ հեռախոսահամարին էլ ամուսինը վերջերս իրենց տան լուսանկարներն է ուղարկել, որտեղ երևում է, թե ինչպես են արկից փլուզվել տան պատերն ու տանիքը։
«Որ խփել են, հետևով մտել ա, տան սաղ շուշեքը ջարդել ա, հենա քանդված վիճակում, հինգ ամիս չկա, որ կառուցել էինք», - պատմեց Լուսինեն։
Նա հայրենի գյուղի դպրոցում հավաքարար է աշխատել։ Իր և ամուսնու վաստակածով կամաց-կամաց կահավորել են իրենց նորակառույց տունը։ Երեխաներն իրենց մեծ ու ընդարձակ ննջարաներն են ունեցել։ Մինչև Կոտայքի մարզ հասնելը, սկեսուրի և 7 անչափահաս երեխաների հետ հղի կինը մի քանի օր մնացել է Վարդենիսի դաշտերում, քնել հենց դրսում, հետո նոր Արտամետ գյուղում վարձով ապրող արցախցի բարեկամներն են 15 քառակուսի մետրանոց տնակ տրամադրել։ Թեև ոչ մի հարմարություն չկա, բայց գոնե գլխներին ծածկ ունեն։
«Ինչ հիմա ունենք, գյուղապետարանից են տվել, մենք ոչ մի բան չենք բերել, ոնց ասեմ՝ տկլոր ենք փախել համարյա, ես հասցրել եմ մենակ էրեխեքիս թղթերը վերցնեմ, տնից փախնեմ», - ասաց Լուսինեն։
Փայտե տնակի համար նրանք շնորհակալ են հարազատներին, բայց ցուրտ է, ասում է ջեռուցելն անհնար է, որվհետև հրդեհի վտանգ կա։ Լուսինեն պատմեց՝ ամեն առավոտ 9 ամսական երեխայի ոտքերն ու ձեռքերը կապտում են, ձեռքի ափերով շփում, տաքացնում է, որ նա արթնանա։
Հղի կինը տարեց սկեսուրի հետ հարակից խնձորի այգիներից փայտ է հավաքում, դրսում կրակ վառում, ջուրը տաքացնում և հենց այդ ջրով հարևանի տանը երեխաներին լողացնում։ Սննդի ու հագուստի կարիք նրանք չունեն, կամավորներն են տրամադրում։
Լուսինեի 8-րդ երեխան մի քանի ամսից կծնվի, չգիտի՝ այդ պայմաններում ինչպե՞ս է խնամելու և մեծացնելու նրան։
Ընտանիքին օգնող կամավորներից մեկը՝ Վազգեն Զոհրաբյանը «Ազատության»-ը պատմեց, որ այս ընտանիքին գտել են ծայրահեղ կարիքի մեջ։ «Ամենամեծ մարտահրավերը տան հետ է կապված, և առաջնահերթ փորձում ենք տան հարցը լուծել, որովհետև այստեղ ո՛չ ջեռուցում կա, ո՛չ խոհանոց, ո՛չ զուգարան․․․ ո՛չ մի պայման չկա», - ասաց կամավորը։
Վազգեն Զոհրաբյանի խոսքով՝ սկզբնական շրջանում երեխաները ոչ ոքի հետ չէին շփվում, ամեն բարձր ձայնից սթրեսի էին ենթարկվում, թաքնվում, լացում, բայց հիմա այդ օրերն աստիճանաբար անցած են համարում, ընկերացել է երեխաների հետ, նրանց բոլորին անուններով գիտի։
12-ամյա Էլոիզան ու Լիլիթն անհամբեր են, թե երբ են հայրենի գյուղ վերադառնալու։ Նրանք հիշում են, թե ինչպես իրենց աչքի առաջ տան մի հատվածն ուղղակի պայթեց։
Ընտանիքին աջակցող կամավորական խմբի անդամն «Ազատության»-ը պատմեց՝ շատերն են Լուսինեի ընտանիքին տնով ապահովելու պատրաստակամություն հայտնել, բայց, երբ տեղեկացել են, որ կինը սկեսուրից ու 7 երեխաներից բացի, ամուսնու եղբոր հետ է ապրելու, ով հոգեկան առողջության խնդիրներ ունի, հրաժարվել են այդ մտքից։ Լուսինեն էլ ասում է՝ ոչ մի պայմանով մենակ չի թողնի տարեց սկեսուրին ու ամուսնու եղբորը։