Ստեփանակերտում այն քիչ օրերից է, որ ոչ օդային տագնապի ազդանշանն է միացել, ոչ էլ պայթյունի ձայներն են լսվել։ 12-ամյա Դավիթը որոշել է հեծանիվ վարել։
Պատերազմի մեկնարկից ի վեր 12-ամյա տղայի համար միակ խաղընկերը բակի շունն է՝ Սևոն։ Պատմում է՝ ընկերները Ստեփանակերտից շատ հեռու են, նրանց արդեն մեկ ամիս է՝ չի տեսել։ Ինքը չի մտածել Ստեփանակերտը լքելու մասին, չնայած գրեթե ամեն օր պայթյունի ձայներ է լսում. հրթիռներն ու ռումբերն ապաստարանից շատ հեռու չեն ընկել։ Պատերազմի մասին Դավիթի պատկերացումները բակի կռիվ-կռիվներից շատ չեն տարբերվում։
«Առաջին անգամ, որ լսել եմ, էդքան էլ վախենալու չէր, գիդացել եմ, թե քարեր են, բայց որ տեսա, էդքան էլ չվախեցա», - ասաց Դավիթը։
12-ամյա տղան չի թողել սիրելի քաղաքը, բայց ստիպված էր թողնել տունը. ապահով չէ։ Հիմա ավելի ապահով վայրում է։
«Ասացինք՝ Դավիթ արի գնանք, գնա Հայաստան, մենք կմնանք, ասեց՝ չէ մամա, հեսա իմ շկոլի էրեխեքը գալու են, երբեք չեմ գնա, մի քանի երեխա կային, տեսել ա, ավելի ոգևորվել ա», - պատմեց Դավիթի մայրը՝ Սիրանուշ Իլինովան։
Հրիթռահրետակոծությունների ու ռմբակոծությունների ձայների տակ ապրող, 6-րդ դասարանում սովորող Դավիթի առօրյայում շատ բան է փոխվել, մեկ ամիս առաջվանը չէ։ Դպրոց չի գնում. փակ է։ Փորձում է տանը լրացնել բացը։ Իսկ բացի դասերից ու խաղերից, նոր տանը նաև այլ կարևոր գործով է զբաղվում. զինվորների ծանրոցներն է դասավորում ու փոխանցում մեծերին, որ տանեն առաջնագիծ։
«Զինվորներին օգնում՝ վեշ, կամաց վեշ, մեծ վեշ, տանում եմ, բերում եմ», - նշեց նա։
Դավիթ խաղերից շատերն էլ հիմա պատերազմի մասին են հիշեցնում։ Օրվա մեծ մասը ստվարաթղթե արկղերով պատրաստած խրամատում է անցկացնում. «Որ թուրքերը գան, էլի, պաշտպանվեմ»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հաղորդմամբ՝ արցախցի ավելի քան 4 հազար նախադպրոցական տարիքի երեխա ու շուրջ 24 հազար դպրոցական զրկվել է կրթության իրավունքից։
«Ուղղակի մի մասը, որոնք այստեղ են գտնվում, բացարձակորեն են զրկված այդ հնարավորությունից, մնացածը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում՝ մասնակիորեն: Իհարկե, պայմանավորված նաև Covid-ով Հայաստանի Հանրապետությունում ուղիղ դպրոց չեն հաճախում, բայց պետք է հասկանանք, որ նոր միջավայրում, նոր պայմաններում, ինքնին դա արդեն կրթության իրավունքի հանդեպ շատ լուրջ սպառնալիք է», - ասաց Բեգլարյանը:
Արցախի օմբուդսմենի տվյալով՝ պատերազմի ընթացքում Արցախում գործող 58 մանկապարտեզից վնասվել է 10-ը, 220 դպրոցից էլ՝ 61-ը։ Արտակ Բեգլարյանն ասում է՝ այս իրավիճակում նախ երեխաների կյանքի ու առողջության իրավունքն է, որ խախտվում է ամեն օր։
«Մի շարք երեխաներ զոհվել կամ վիրավորվել են և զարգացմանը խոչընդոտող այն հանգամանքները, որոնք հիմնականում պայմանավորված են հոգեբանական վիճակով, պատերազմական ահաբեկչությամբ, և նաև պայմանավորված են տարբեր տիպի կենսական առաջնային նշանակության պայմաններով», - ընդգծեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Պատերազմի պատճառով, ըստ Արտակ Բեգլարյանի վերջին տվյալների, Արցախում 1 երեխա է զոհվել, 4-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։