Գյումրիի դրամատիկական թատրոնի կարի արհեստանոցում բեմական հագուստների փոխարեն արդեն մի քանի օր է զինվորների համար տաք գլխարկներ են կարում: Թատրոնն իր միջոցներով է հումքը ձեռք բերել:
Դերասաններից մինչև ադմինիստրատիվ աշխատողներ՝ հեթափոխով 4 օրվա ընթացքում 680 գլխարկ են կարել: Մտադիր են նաև աշնանային այս եղանակին այդքան անհրաժեշտ անձրևանոցներ կարել։ Նմուշը ուսումնասիրել են ու հասկացել, որ կարել կկարողանան: Դերասան Տիգրան Գաբոյանն ասում է, որ թիկունքի ամրությունը հաղթանակի գրավականն է:
«Յուրաքանչյուր մարդ մեր օրերում պիտի կանգնած լինի, անկախ նրանից նա թիկունքում է, անկախ նրանից նա սփյուռքում է, անկախ նրանից, թե որտեղ է, նա իր լուման պետք է դնի հայոց բանակի համար, հայոց ինքնապաշտպանության համար, և այս դեպքում, եթե մենք ամուր բռունցք դառնանք, ուրեմն հաղթանակը մոտ կլինի», - ասաց Գաբոյանը:
Նա նաև հավելեց. «Եթե մենք այստեղ ենք, մենք չենք սպասում, որ մինչև մեզ կանչեն նոր [գնանք առաջնագիծ], մենք էս նախաձեռնությամբ կօգնենք, իսկ եթե կարիքը զգացվի, որ մենք ևս այնտեղ լինենք, ուրեմն առանց վարանելու, առանց երկմտելու մենք սահմանին կլինենք, մեր զինվորի կողքին կլինենք, մենք ևս զինվոր կլինենք: Մենք առայժմ զինվոր ենք էստեղ՝ թիկունքում»:
Դերասանները նաև ներկայացումներից ստացված հասույթն են «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել: Դպրոցներում էլ չնայած արձակուրդներ են, բայց աշակերտներն ու ուսուցիչները պարապ չեն նստում։ Գյումրիի թիվ 1 դպրոցում արդեն քողարկիչ ցանց գործելու մեծ փորձ ունեն: 12 հատ տարբեր չափի ուղարկել են առաջնագիծ, ևս 12-ը շուտով կուղարկեն։ Աշակերտներից Մարիամը ցանցը գործելուն զուգահեռ լռությունը երգով է լցնում:
Անիի 2 եղբայրներն առաջնագծում են, ինքն էլ թիկունքում պաշտպանիչ ցանց է գործում: Ասում է՝ թե՛ առաջնագիծը, թե՛ թիկունքը պետք է հաղթանակեն։ «Քանի որ իմ եղբայրները կռվում են առաջնագծում, իսկ ես գիտակցում եմ, որ այս պահին անհնար է նրանց կողքին լինել, դա չի նշանակում, որ մենք պատերազմի մեջ չենք, մենք յունրաքանչյուրս՝ թե՛ աշակերտ, թե՛ ուսուցիչ, թե՛ ծնող մեր պատերազմն ենք տանում ու պարտավոր ենք մենք նույնպես հաղթած դուրս գալ մեր ճակատում», - ասաց Անին:
Կենսաբանության ուսուցչուհի Գոհար Ածիկյանն ասում է՝ պատերազմի ցավը բոլորին միավորել է. «Էդ ցավը մեզ բոլորիս միավորել է, չէի ասի միավորել, նույնիսկ սոսնձել է, որովհետև սա այն ցավն է, որը բոլորինս է, բոլորս իրավունք չունենք ընկճվելու և չենք ընկճվում նմանատիպ աշխատանք կատարելով, որովհետև կյանքը ինձ թվում է՝ չի սիրում ընկճվողներին, աշխատում ենք կանգուն մնալ, մեր ողնաշարը չծռել, ինչքան էլ ուզենան այն ծռել ու կոտրել»:
Փոխտնօրեն Գոհար Քոչարյանը նշում է՝ քողարկող ցանցերից բացի զինվորների համար նաև տաք գլխարկներ, գուլպաներ, ձեռնոցներ են ձեռք բերել ու մի քանի խմբաքանակ արդեն ուղարկել առաջնագիծ:
«Պատերազմից դեռևս մի 15 օր էր անցել, որ մենք առաջին օգնությունը ուղարկեցինք, մակուլատորա հանձնեցինք, հասույթն անմիջապես ուղարկվեց Համահայկական հիմնադրամին, երկրորդ օրն արձագանքեց ցանցի մեր այս մեծ գործը և դպրոցի բոլոր ուսուցիչները, մեր կամավորները, ծնողները, աշակերտական խորհուրդը մի մարդու նման կարծս հերթով գալիս են, որ կարողանան իրենց նվիրվածությունը և օգուտը տան ռազմաճակատին: Մտածում եմ, որ սա այն աշխատանքն է, որ մանրակրկիտ, լավ գործ է, և անելուց մենք սեր ենք դնում սրա մեջ: Հավատով սպասում ենք, որ վաղվա օրը բացվելու է լուսաշող և այդ օրը լինելու է հաղթանակով», - ասաց փոխտնօրենը:
Քողարկիչ ցանցերի հետ զինվորներին բարեմաղթանքներ են ուղարկում: Հումքն էլ, ինչպես գրել են փաթեթների վրա, 100 տոկոսանոց սերն է, աղոթքը, վստահությունն ու հպարտությունը: