Մատչելիության հղումներ

Եվրամիության արտգործնախարարները քննարկում են Բելառուսի նկատմամբ կիրառելիք պատժամիջոցները


«Հեռացի'ր», «Հեռացի'ր»... Երրորդ շաբաթն է, ինչ Բելառուսի մայրաքաղաքում, մեծ ու փոքր քաղաքներում այս նույն կարգախոսն է հնչում: Չնայած իշխանությունների ճնշումներին ու բռնություններին, որոնց հետևանքով առնվազն երեք մարդ է սպանվել է, մի քանի տասնյակը վիրավորվել` ցուցարարները շարունակում են փողոց դուրս գալ:

«Մեր պահանջը պաշտոնյաներից ու կառավարությունից նույնն է. Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակում, արդար ընտրություններ և իշխանափոխություն», - «Ռոյթերզին» ասել է ցուցարարներից մեկը:

«Այս ամենի պատճառը կեղծված ընտրություններ են: Բոլորը գիտեն, որ հաղթել է ընդդիմադիր Տիխանովսկայան, և բոլորն ուզում են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարական տա ու հեռանա», - հավելել է մեկ ուրիշը:

Ինքը` արդեն 26 տարի անընդմեջ իշխանությունն իր ձեռքում պահող Լուկաշենկոն, մինչդեռ, այսօր կրկին վիրավորել է ընդդիմախոսներին ու պնդել, թե «վայրագություններ սանձազերծող ջահելների հետ չի երկխոսելու, իշխանությունն էլ փողոցի հետ բանակցությունների չի նստելու»:

«Ով չի աշխատի, նրա փոխարեն նոր աշխատող կգտնենք». օրեր շարունակ հնչող այս սպառնալիքին այսօր նա ևս մեկն է ավելացրել. «Ով սեպտեմբերի 1-ին դասադուլ կանի, բանակ կգնա»:

«Մենք ձեզ տարկետում ենք տվել, որ սովորեք», - զգուշացրել է նախագահը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ:

Մի քանի օր առաջ զենքը ձեռքին` Կալաշնիկով ավտոմատով փողոց դուրս եկած առաջնորդը նաև խորհրդարանի պատգամավորներին է դիմել` կոչ անելով տեղի չտալ ցուցարարների հորդորներին ու ամուր կանգնել իշխանության կողքին. - «Կարծում եմ, մեր պատգամավորների գերակշիւռ մասը ուժեղ մարդիկ են և չեն ընկրկի: Եվ նրանք պիտի գիտակցեն` ունեն նախագահ, որը միշտ կարող է իրենց պաշտպանել»:

Ծավալուն ելույթում Լուկաշենկոն վերստին սպառնացել է, թե «փողոցի հախից կգա», սակայն ակնարկ անգամ չի արել, որ այդ հարցում օգնություն է խնդրել Ռուսաստանի նախագահից:

Մինչդեռ ժամեր անց Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Լուկաշենկոյի խնդրանքով ինքը ոստիկանական որոշակի ուժեր է կազմավորել, որոնք գործի կանցնեն անհրաժեշտության դեպքում: Թե ինչ մեթոդներով և ինչպես` Պուտինը չի հստակեցրել, սակայն պնդել է, թե Բելառուսի իրավապահները մինչև օրս իրենց բավականաչափ զուսպ են պահել:

Ցուցարարների վկայություններն ու տեսանյութերը, մինչդեռ, ճիշտ հակառակն են փաստում:

Մինչ Լուկաշենկոն փորձում է սպառնալիքներով ու ուժով կոնսոլիդացնել իշխանությունը` Եվրամիությունը Բեռլինում հատուկ հավաք է անցկացնում նրա վարչակազմի դեմ հնարավոր քայլերը քննարկելու համար:

«Ռոյթերզի» թղթակիցը տեղից հաղորդում է, որ մի շարք երկրներ հորդորում են պատժամիջոցների ցանկում ներառել նաև Ալեքսդանդր Լուկաշենկոյին:

Հավաքը հյուրընկալող երկրի` Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը չի բացառել, որ տնտեսական սահմանափակումներից բացի, կարող են այլ քայլեր ձեռնարկվել. - «Մենք տեսում ենք, որ վերջին օրերին Լուկաշենկոն ակտիվացրել է բռնաճնշումները, այդ իսկ պատճառով այսօր Եվրամիությունը պետք է քննարկի, թե ինչպես կարող ենք ավելացնել ճնշումները նրա նկատմամբ: Ինչը նշանակում է, որ մենք պետք է քննարկենք, թե արդյո՞ք այն պատժամիջոցները, որոնց վրա աշխատում ենք, բավարար են, թե՞ մենք պետք է ավելին անենք` հաշվի առնելով վերջին զարգացումները»:

Եվրամիության արտգործնախարարների հավաքը այս պահին էլ շարունակվում է: Ակնկալվում է, որ վաղը նրանք կհայտարարեն ձեռնարկելիք քայլերի մասին:

Ավելի վաղ Բելառուսի վերջին ընտրություններն ու հետընտրական զարգացումները նաև Վաշինգտոնն էր քննադատել։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն չէր բացառել, որ Ամերիկան ևս կարող է միանալ Եվրամիության պատժամիջոցներին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG