Մատչելիության հղումներ

Մինսկում հարցաքննել են Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսիևիչին


Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչ, արխիվ
Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչ, արխիվ

Բելառուսի քննչական կոմիտեում այսօր հարցաքննել են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչին: Զրույցը տևել է մոտ 40 րոպե:

Դուրս գալով շենքից, Ալեքսևիչն ասել է, որ հրաժարվել է ցուցմունք տալ: «Ես վկայի կարգավիճակում եմ, որևէ թուղթ չեմ ստորագրել»,- ասել է Ալեքսիևիչը:

Բելառուսի իրավապահները պատժիչ գործողություններ են իրականացնում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

72-ամյա Ալեքսիևիչն ընդդիմության ստեղծած համակարգող խորհրդի անդամներից մեկն է:

Խորհրդի անդամներից երկուսին ձերբակալել են ցույցեր կազմակերպելու համար:

26 տարի նախագահող Լուկաշենկոն ասել է, թե այդ խորհուրդը փորձում ապօրինի եղանակով զավթել իշխանությունը:

Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ Լուկաշենկոն ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը և վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել:

Ընդդիմությունը չի ընդունում այդ արդյունքները: Պաշտոնական տվյալներով քվեների մոտ 10 տոկոսը ստացած Սվետլանա Տիխանովսկայան տեղափոխվել է Լիտվա և այնտեղից է շարունակում պայքարը:

Արևմուտքը չի ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը:

XS
SM
MD
LG