Մատչելիության հղումներ

Բելառուսում շարունակվում են ընդդիմության առաջնորդների ձերբակալությունները


Վեցերորդ անգամ Բելառուսի նախագահի պաշտոնը ստանձնած Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցուցարարների և ընդդիմադիր առաջնորդների ձերբակալություններն ու քրեական հետապնդումները երկրում շարունակվում են։

Այսօր հարցաքննության է կանչվել գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը, ով ընդդիմության կազմավորած համակարգող խորհրդի անդամներից է: Խորհրդի անդամներից երկուսն արդեն ձերբակալված են: Լուկաշենկոյի վարչակազմը պնդում է, որ ընդդիմադիր միավորումը փորձում է ապօրինի եղանակով զավթել իշխանությունը:

«Մեր նպատակն էր օգնելու հաղթահարել քաղաքական ճգնաժամը, այլ ոչ թե հեղաշրջում կազմակերպել», - Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեքսիևիչը` հավելելով․ -«Անհեթեթ է մտածել, որ ցույցերի հետևում վաթսուն մարդ է կանգնած։ Ժողովուրդն ինքն է եկել դրան։ Մեզնից յուրաքանչյուրը հպարտանում է իր ժողովրդով։ Մենք պետք է խոսենք, վիճենք, ընդունենք, որ մենք տարբեր ենք, սակայն խաղաղ ուղիներ գտնենք ճգնաժամը հաղթահարելու համար»։

Հեղինակավոր գրողը շեշտել է, որ որևէ մեղքի զգացում չունի և հրաժարվել է ցուցմունք տալ. - «Ես վկայի կարգավիճակում եմ, որևէ թուղթ չեմ ստորագրել»:

Իշխանության խաղաղ փոխանցման հարցով Ընդդիմության համակարգող խորհրդի դեմ ավելի վաղ բելառուսական իրավապահները քրեական գործ են հարուցել` «պետական իշխանության զավթման, ազգային անվտանգությանը վնաս պատճառելու փաստերով»։

Այսօր, բացի Ալեքսիևիչից հարցաքննության է կանչվել նաև Մարիա Կոլեսնիկովան ։

Խորհրդի մեկ այլ անդամի` Պավել Լատուշկոյի նախկին աշխատավայրի՝ Բելառուսի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ վեց տասնյակ աշխատակիցներ հեռացվել են ախատանքից: Երկրի մշակույթի նախկին նախարար Լատուշկոն մինչև վերջերս այդ թատրոնի ղեկավարն էր,ընդդիմության ցույցերին մասնակցելու համար շաբաթներ առաջ պաշտոնանկ էր արվել:

Այսօր ավելի վաղ աշխատանքից հեռացված նրա ենթակաները տեսաուղերձ էին հրապարակել: Դրանում արվեստագետներն իրենց աջակցությունն են հայտնել Լուկաշենկոյի դեմ բողոքի ակցիաների մասնակիցներին և դատապարտել են ուժայինների գործողությունները։

Երրորդ շաբաթը Բելառուսում շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ճնշումները չեն դադարում։

Բելառուսական անկախ լրատվամիջոցների փոխանցմամբ, իրավապահները այսօր խուզարկություններ են սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չգրանցված ընդդիմադիր թեկնածու Վալերի Ցեպկալոյի բնակարանում։ Շաբաթներ առաջ նախկինում ազդեցիկ դիվանագետ Վալերի Ցեպկալոն լքել է երկիրը` հայտարարելով, որ այդ քայլին է դիմում իրեն ձերբակալելու որոշման մասին տեղեկանալուց հետո:

Ուժայիններն այսօր բերման են ենթարկել ցուցարարների հերթական խմբին՝ շուրջ հինգ տասնյակ ակտիվիստների, որոնք մեղադրվում են չարտոնված հավաքների կազմակերպելու կամ դրանց մասնակցելու մեջ: Ավելի վաղ` առաջին մարդաշատ հանրահավաքի ընթացքում ձերբակալվել է ավելի քան յոթ հազար ցուցարար, նրանց մեծ մասը 4-25-օրյա վարչական կալանքի է ենթարկվել, շատերի նկատմամբ կալանավայրերում աննախադեպ բռնություններ և խոշտանգումներ են կիրառվել:

Բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը, Բելառուսական Հելսինկյան կոմիտեն, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը և Մարդու իրավունքների հարցերով միջազգային ֆեդերացիան դիմել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին՝ խնդրելով միջամտել Բելառուսում խաղաղ ցույցարարների դեմ իրականացվող բռնություններին:

Չնայած խոշտանգումների մասին վկայող հարյուրավոր փաստերին` Բելառուսի իշխանությունները որևէ քրեական գործ չեն հարուցել ուժային կառույցների դեմ, որոնք առնչություն ունեն այդ հանցագործություններին, որևէ պաշտոնյա աշխատանքից չի հեռացվել կամ ձերբակալվել, փաստում են իրավապաշտպանները ։

«Եվրամիությունը մտադիր չէ անպատասխան թողնել մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների լրջագույն խախտումները Բելառուսում», - այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը՝ դատապարտելով պաշտոնական Մինսկի գործողությունները ցուցարարների նկատմամբ. - «Բելառուսում խաղաղ ցուցարարները պահանջում են ոչ ավել, ոչ պակաս` երկխոսություն սեփական իշխանության հետ»։

Ավելի վաղ Բրյուսելը հրաժարվել է ճանաչել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որ հնարավորություն են ընձեռել քսանվեց տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս հինգ տարի պաշտոնավարել։ Եվրամիության անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Բելառուսում շարունակվող բազմահազարանոց ցույցերի մասնակիցների դեմ բռնությունները և սպառնացել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի գործող իշխանությունների դեմ:

Չնայած երկրում ստեղծված աննախադեպ ճգնաժամին, պատժամիջոցների հերթական տարափին, որը խոստանում ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Բելառուսի հարևան պետությունները,Միացյալ Նահանգները` Լուկաշենկոն որևէ մտադրություն չունի վերադառնալու իր գյուղական տունն ու զբաղվելու հողագործությամբ` կարտոֆիլի մշակմամբ, ինչպես նախկին հարցազրույցներից մեկում նկարագրում էր իր ապագան պաշտոնը թողնելուց հետո:

Ինչպես նախորդ բոլոր ընտրություններին հաջորդած հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ, այս անգամ էլ նա լծվել է ցույցերը ճնշելու, ընդդիմախոսներին լռեցնելու ավանդական գործին՝ բացեիբաց հայտարարելով, որ ընդդիմադիրների հախից կգա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG