Մատչելիության հղումներ

Մինսկում բազմամարդ ցույցի ժամանակ Լուկաշենկոն և որդին տեսախցիկների առջև են հայտնվել ինքնաձիգներով


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանում է Անկախության պալատ, Մինսկ, 23-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանում է Անկախության պալատ, Մինսկ, 23-ը օգոստոսի, 2020թ.

Նախօրեին Մինսկում բողոքի ցույցի ֆոնին, որին մասնակցում էր ավելի քան հարյուր հազար մարդ, Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեսախցիկների առաջ է հայտնվել զրահաբաճկոնով և ինքնաձիգը ձեռքին: Տեսանյութը հրապարակել է «Բելտա» լրատվական գործակալությունը:

Երկրի պետական լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանում է իր նստավայրը՝ Անկախության պալատ, որը երեկ ամբողջ օրվա ընթացքում շրջափակած էր ոստիկաններով: Մի քանի տասնյակ ցուցարարներ, այդուհանդերձ, միառժամանակ բողոքի ակցիաներ են իրանականացրել տարածքի մերձակայքում: Հրապարակված տեսանյութում լսվում է Լուկաշենկոյի ձայնը, ով վերևից հայացք նետելով ընդհանուր համայնապատկերին և պողոտայով երթ անցկացնող ցուցարարների բազմությանը՝ ասում է. - «Ցրվել են ինչպես առնետները»:

Լուկաշենկոյին ավանդույթի համաձայն ուղեկցում էր անչափահ որդին՝ 15-ամյա Նիկոլայը: Նա հոր օրինակով զրահաբաճկոնով և սաղավարտով էր, ձեռքին նույնպես ինքնաձիգ:

Այս ամենը տեղի էր ունենում մայրաքաղաք Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցին զուգահեռ:

Բելառուս - Օգոստոսի 23-ի բողոքի ցույցը Մինկում
Բելառուս - Օգոստոսի 23-ի բողոքի ցույցը Մինկում

Բելառուսի հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Անկախության հրապարակում, ապա երթով շարժվել գործող նախագահի նստավայրի ուղղությամբ, ճանապարհը, սակայն, ՕՄՕՆ-ն արգելափակել էր:

Լուկաշենկոյի մամլո ծառայությունը տարածել է մի տեսանյութ, որում նա շնորհակալություն է հայտնում ուժայիններին, որոնցից մի քանիսը ի պատասխան հավաստիացնում են՝ նախագահի հետ կլինեն «մինչև վերջ»:

Բելառուսում բողոքի ցույցերը, գործադուլները շարունակվում են օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից ի վեր, որոնց պաշտոնական արդյունքներով՝ երկրի 65-ամյա առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան քառորդ դար, վեցերորդ անգամ հինգ տարով պաշտոնավարելու հնարավորություն է ստացել` հավաքելով քվեների ավելի քան 80 տոկոսը: Այդ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը՝ 37-ամյա Սվետլանա Տիխանովսկայան, կասկածի տակ է դրել քվեարկության արդյունքները՝ աջակիցներին կոչ անելով միանալ իրեն և անհամաձայնություն հայտնել կեղծված ընտրություններին: Երկու շաբաթ է երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականն ու նոր ընտրություններ:

Խաղաղ ցույցերի դեմ բելառուսական ոստիկանությունը հերթական անգամ կիրառեց անհամաչափ բիրտ ուժ՝ հազարավոր մարդիկ ձերբակալվել և խոշտանգումների են ենթարկվել, այդ թվում՝ լրագրողներ և երեխաներ, առնվազն երեք մարդ սպանվել է ցույցերը ցրելու ընթացքում, հարյուրավոր ցուցարարներ վնասվածքներ են ստացել, մոտ մեկ տասնյակի ճակատագիրն անհայտ է:

Չնայած երկրում ստեղծված աննախադեպ լարվածությանն ու ճգնաժամին, Լուկաշենկոն խոստանում է շարունակել պաշտոնավորումը և հանձնարարել է բանակը բերել լրիվ մարտական պատրաստականության վիճակի, ինչպես նաև փակել այն գործարանները, որոնք համարձակվել են ի նշան բողոքի գործադուլ հայտարարել:

XS
SM
MD
LG