Եվրախորհրդարանն անդրադարձավ Բելառուսի դեպքերին
Բանտարկված ամուսնու փոխարեն ընտրապայքարի մեջ ներքաշված և ճակատագրի բերումով ընդդիմության լիդերի դերը ստանձնած Սվետլանա Տիխանովսկայան այսօր Վիլնյուսից հատուկ ուղերձով դիմել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովին, որը գումարել է արտահերթ նիստ Բելառուսի ճգնաժամի թեմայով:
«Բելառուսների պահանջը շատ պարզ է՝ ազատ և արդար ընտրություններ, սա են ուզում ցուցարարները, սա է պահանջում ժողովուրդը»,- ասել է Տիխանովսկայան, ով օգոստոսի 9-ի ընտրություններից հետո ստիպված տեղափոխվել է հարևան Լիտվա:
Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում 17 օր շարունակ մարդիկ բողոքում են և պահանջում են չեղարկել ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն` 26 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել:
Իրավապահները շարունակում են պատժել ռեժիմի ընդդիմախոսներին: Հարուցվել են քրեական նոր գործեր կարգուկանոնը խախտելու, ապօրինի ցույցեր և երթեր կազմակերպելու, ոստիկանների պահանջներին չենթարկվելու, իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու հոդվածներով:
Իրավապահները հետապնդում են Տիխանովսկայայի նախաձեռնությամբ ստեղծված համակարգող խորհրդի անդամներին: Երեկ հարցաքննության են կանչել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչին:
«Վեց մարդ է զոհվել, և դա տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում»
Պաշտոնական Մինսկն ընդունում է, որ հետընտրական բախումների հետևանքով զոհվել է երեք մարդ:
Այսօր Տիխանովսկայան Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցեագրված առցանց ուղերձում խոսել է տուժածների մասին: «Առնվազն 6 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են, և դա տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում»,- ասել է Տիխանովսկայան: Նրա փոխանցմամբ, Բելառուսի ընդդիմության նպատակը ռեժիմի հետ խաղաղ բանակցությունների եղանակով նոր ընտրությունների անցկացումն է:
«Մենք այլևս ընդդիմություն չենք, մենք մեծամասնություն ենք, Բելառուսում հիմա խաղաղ հեղափոխություն է»,- ասել է Տիխանովսկայան:
«Անցումային շրջանը դյուրացնելու համար ես ստեղծել եմ համակարգող խորհուրդ, որին անդամակցել են Բելառուսի քաղաքացիական հասարակության և քաղաքական ասպարեզի բոլոր շերտերի ներկայացուցիչները, դժբախտաբար, իշխանությունը դրան պատասխանում է սպառնալիքներով և ահաբեկում է նույնիսկ նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչին: Սպառնալիքները չեն աշխատի, մենք չենք զիջի, մենք պահանջում ենք մեր տարրական իրավունքները, մենք պահանջում ենք վերջ տալ բռնություններին ու հալածանքներին, Բելառուսի ժողովուրդն ավելիին է արժանի, Եվրոպան ավելիին է արժանի, շնորհակալ եմ»,- եզրափակել է իր ելույթը Ստեվլանա Տիխանովսկայան:
Նախագահ Լուկաշենկոն, ով երեկ իր նստավայրի տարածքում շրջում էր «Կալաշնիկովը» ձեռքում և հիացմունքի խոսքեր էր շռայլում նստավայրի մոտ տեղակայված զինվորներին, կարգադրել է անցկացնել պահեստի զինծառայողների ուսումնական հավաք:
«Տարօրինակ է, երբ նախագահը զենքով շրջում է կենտրոնում»
Ընդդիմադիր լիդերներից Մարիա Կոլեսնիկովան երեկ դատապարտել է «այդ շոուն»: «Մենք համարում ենք առնվազն շատ տարօրինակ, երբ պետության ղեկավարն ինչ-որ անհասկանալի հագուկապով, ձեռքում պահելով ինչ-որ հրազեն, շրջում է Մինսկի կենտրոնում, և դա անում է մեկը, ով պնդում է, թե Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ն իբր սուր է ճոճում»,- ասել է համակարգող խորհրդի անդամ Կոլեսնիկովան:
Մի ավտոմատ էլ Լուկաշենկոյի 15-ամյա որդու՝ Նիկոլայի ձեռքում էր: Կոլեսնիկովան ասել է, թե պատկան մարմինները պարտավոր են զբաղվել զենքն անչափահասին տրամադրելու փաստով:
Կռիվ փուչիկիների հետ
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ընդդիմախոսներին լռեցնելու հարցում լուրջ նվաճում գրանցելու մասին:
«Լիտվայի տարածքից ութ փուչիկներով հակապետական սիմվոլներ են ուղարկվել Բելառուսի տարածք, այդ փուչիկների մուտքը՝ առանց զենք կիրառելու, կանխել են սահմանապահ ծառայության ուղղաթիռները», - հայտարարել է Պաշտպանության նախարարությունը:
Երգուպար ի պատասխան «Կալաշնիկովին»
Լուկաշենկոյի ավտոմատով դեսից դեն վազվզելուն ընդդիմությունը պատասխանում է ժողովրդական արվեստով:
Անցած գիշեր ակտիվիստները «Երթ հանուն նոր Բելառուսի» բազմահազարանոց ակցայից հետո հրապարակներում ազգային երգուպարի փառատոն են կազմակերպել: