Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի խնդրանքով Պուտինը Բելառուսին օգնելու համար Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ Բելառուսին օգնելու համար Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել:

«Ալեքսանդր Գրիգորևիչը ինձ խնդրել է Բելառուսին օգնելու համար իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ ստեղծել, ես դա արել եմ: Սակայն այդ ռեզերվը չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը Բելառուսում վերահսկելի է և դրա անհրաժեշտությունը չկա», - հայտարարել է Պուտինը «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում։

Սա առաջին անգամն է, որ Ռուսաստանի նախագահը մանրամասն խոսել է Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին հետևած զարգացումների մասին։ Պուտինը ասել է, թե Լուկաշենկոյի հետ պայմանավորվել են, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ «ծայրահեղական տարրերը Բելառուսում սահմանները չեն անցել, ավազակություններ, մեքենաների, շենքերի, բանկերի հրկիզումներ չեն սկսել, չեն գրավել վարչական շենքեր»։

Իր դեմ շաբաթներ շարունակվող բողոքի գործողությունների ընթացքում Լուկաշենկոն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը մի շարք պարտավորություններ ունի Բելառուսի նկատմամբ ՀԱՊԿ-ի և հատկապես Ռուսաստան - Բելառուս միութենական պետության շրջանակներում։

«Մենք, իհարկե, պարտավորություններ ունենք Բելառուսի հանդեպ։ Եվ Լուկաշենկոն այդպես էլ հարցը բարձրացրեց: Եվ մենք մեր բոլոր պարտավորությունները կկատարենք», - ասել է Պուտինը:

Հարցազրույցում նա ասում է նաև, թե ի տարբերություն եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների` Ռուսաստանը Բելառուսում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ իրեն զուսպ և չեզոք է պահում` չնայած այն հանգամանքին, որ Բելառուսը Ռուսաստանի ամենամտերիմ երկիրն է։

Պուտինը մի կողմից ասում է, որ Բելառուսում տեղի ունեցող զարգացումները բելառուս ժողովուրդի գործն է, մյուս կողմից` մանրամասն խոսում այդ զարգացումների մասին ու գնահատականներ է տալիս թե' իրավապահների, թե' գործող նախագահի, թե' ընդիմության գործողություններին։

Լուկաշենկոն, Պուտինի գնահատմամբ, իրեն կառուցողական է պահում, նորմալ առաջարկներ անում՝ սահմանադրական հանրաքվե, նոր ընտրություններ նոր սահմանադրություն ընդունելուց հետո։ Բելառուսի իրավապահ մարմինները, որոնց գործողությունների հետևանքով զոհեր եղան ու որոնք օրեր շարունակ դաժան ծեծի էին ենթարկում ցուցարարներին, նույնիսկ կտտանքների ենթարկում նրանց, Պուտինի խոսքով, բավականին զուսպ էին գործում։

Իսկ ահա ընդդիմությունը, ըստ նրա, ստեղծել է համակարգող խորհուրդ, որը անօրինական է, քանի որ հակասում է Բելառուսի Սահմանադրությանը։

Ռուսաստանի նախագահը միևնույն ժամանակ խոստովանել է, որ Բելառուսում առկա են խնդիրներ, հակառակ դեպքում մարդիկ փողոց դուրս չէին գա:

Հետաքրքիր էր Պուտինի անդրադարձը Բելառուսում ընտրություններից առաջ ձերբակալված «Վագներ» մասնավոր բանակի ռուսաստանցի վարձկանների հետ կաված պատմությանը։ Նրա խոսքով, այդ վարձականները Միսնկում էին հայտնվել ուկրաինական և ամերիկյան հատուկ ծառայությունների հատուկ օպերացիայի արդյունքում։

Հարցարզույցում Պուտինը նաև գովազդել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, կրկին պատմել է, որ իր դուստրն այն արդեն փորձարկել է և ամեն ինչ նորմալ է անցել: Նա խոսել է համաճարակից տուժած տնտեսությունից` ասելով, որ կառավարության գրագետ քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի տնտեսության անկումն ավելի ցածր է լինելու, քան արևտմյան երկրների տնտեսությունների անկումը։

Հարցազրույցում Պուտինը սակայն ոչինչ չի խոսել իր ամենակոշտ քննադատ, այժմ Գերմանիայում բուժում ստացող Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին։ Ռուսաստանի նախագահը չի անդրադարձել նաև վերջերս Խաբարովսկի բազմահազարանոց ցույցերին, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելով նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG