Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Մոսկվային զգուշացնում է Նավալնիի թունավորման առնչությամբ հնարավոր կոշտ պատժամիջոցների մասին


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, 25-ը օգոստոսի, 2020թ.
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, 25-ը օգոստոսի, 2020թ.

Պաշտոնական Վաշինգտոնը նախազգուշացրել է Մոսկվային կոշտ պատժամիջոցների մասին, եթե հաստատվի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու հարցում Ռուսաստանի իշխանությունների մասնակցության վարկածը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այդ դեպքում «Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի, որոնց ֆոնին կխամրի ամերիկյան հասարակության արձագանքը Ռուսաստանի միջամտությանը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին», ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Եվրոպացի առաջնորդները դատապարտել են Նավալնիին թունավորելու փորձը և կոչ արել Ռուսաստանի իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: Եվրամիության քաղաքական գործիչները հիշեցնում են Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումը, Սերգեյ Սկրիպալի նկատմամբ մահափորձը և պահանջում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:

Ֆրանսիան միացել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման համար պատասխանատու անձանց գտնելու և պատժելու պահանջին: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում «խորին մտահոգությունն է հայտնում Ռուսաստանի քաղաքական կյանքի գլխավոր դերակատարներից մեկի դեմ կատարված այս հանցավոր արարքի կապակցությամբ»: «Կարևոր է, որ Ռուսաստանի իշխանություններն անհապաղ թափանցիկ հետաքննություն անցկացնեն ՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է կատարվել այս արարքը», - ասված է հայտարարությունում:

Նավալնին բուժվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում և կոմայից դեռ դուրս չի եկել:

Կրեմլը հերքում է կանխամտածված թունավորման վարկածը և իր մասնակցությունը դրան: Դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ նյութն է պատճառ դարձել, հետևաբար՝ քրեական հետաքննության հիմք դեռ չկա, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Դրա համար «առիթ է պետք», բայց առայժմ «արձանագրում ենք, որ հիվանդը գտնվում է կոմայի մեջ», - հայտարարել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խստորեն քննադատող Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա մեկնող օդանավում։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նավալնին անգիտակից վիճակում հոսպիտալացվել էր, իսկ շաբաթ առավոտյան հատուկ օդանավով տեղափոխվել է Գերմանիա։

XS
SM
MD
LG