Մատչելիության հղումներ

Գերմանիան, Եվրամիությունը Նավալնիի թունավորման լիարժեք և թափանցիկ քննություն են ակնկալում Ռուսաստանից


Գերմանիա - Ոստիկանները Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է Ալեքսեյ Նավալնին, 22-ը օգոստոսի, 2020թ.
Գերմանիա - Ոստիկանները Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է Ալեքսեյ Նավալնին, 22-ը օգոստոսի, 2020թ.

Գերմանիայի կառավարությունը դիմել է Ռուսաստանի իշխանություններին կոչով՝ լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Երեկ երեկոյան նման համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը:

Ավելի ուշ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն է հայտարարել Նավալնիի թունավորման հանգամանքների վերաբերյալ անկախ և լիարժեք հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին:

Գերմանիայի կառավարության ղեկավարի և արտգործնախարարի հայտարարությունը հաջորդել է Բեռլինի «Շարիտե» կլինիկայի պաշտոնական հայտարարությունից հետո, ըստ որի՝ Ալեքսեյ Նավալնին դարձել է թունավորման զոհ: Հիվանդանոցից հաղորդել են, որ ռուս քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն իրականացված հետազոտությունները հաստատել են նրա օրգանիզմում առկա թունավորուման հետքեր: Թե ինչ թունավոր նյութի մասին է խոսքը, դեռ հաստատված չէ:

Ըստ բեռլինյան հիվանդանոցի բժիշկների՝ Նավալնին արհեստական կոմայի մեջ է, նրա առողջական վիճակը գնահատվում է որպես ծանր:

Օգոստոսի 20-ին ընդդիմադիր գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում: Օմսկում արտակարգ վայրէջքից հետո Նավալնիին հոսպիտալացրել էին, տեղի բժիշկներն ախտորոշել էին ածխաջրային բալանսի խախտում, նրանց հետազոտությունները թունավոր նյութի առկայություն օրգանիզմում չէին գտել: Ընդդիմադիր գործչի աջակիցները ենթադրում են, որ նա Տոմսկի օդանավակայանում թունավորված թեյ է խմել:

XS
SM
MD
LG