Ալեքսեյ Նավալնու թունավորման համապարփակ և թափանցիկ հետաքննություն անցկացնելու պահանջով դիվանագիտական ճնշումը Մոսկվայի վրա օրեցօր սաստկանում է։ Անցած գիշեր Նավալնու դեմ մահափորձը հետաքննելու՝ Եվրոպայից հնչող կոչերին միացավ նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն։
«Միացյալ Նահանգներին խորապես մտահոգում է գերմանացի բժիշկների այն նախնական եզրակացությունը, որի համաձայն՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա ԱՄՆ-ը կմիանա Եվրամիության՝ համակողմանի հետաքննություն անցկացնելու կոչերին, ինչպես նաև պատրաստակամություն կհայտնի աջակցել այդ հետաքննությանը», - նշված է Փոմփեոյի հայտարարության տեքստում։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև նշում է. - «Պարոն Նավալնիի ընտանիքը և Ռուսաստանի ժողովուրդը արժանի են, որպեսզի այս հարցով լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացվի, ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։
Ավելի վաղ ԵՄ ղեկավարները հայտարարել էին, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի դեմ հարձակումը լինելու է արտգործնախարարների վաղը Բեռլինում մեկնարկող ոչ պաշտոնական երկօրյա հանդիպման առանցքային երեք թեմաներից մեկը՝ թուրք-հունական ճգնաժամի և Բելառուսի հետընտրական զարգացումների հետ մեկտեղ։
«ԵՄ նախարարների հանդիպումը կայանալու է այն հիվանդանոցի հարևանությամբ, որտեղ գտնվում է Նավալնին։ Մենք պահանջելու ենք հետաքննություն անցկացնել և պատժել բոլոր մեղավորներին։ Մենք դա պահանջելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննություն չի անցկացվել», - Բրյուսելում հավատարմագրված լրագրողների հետ զրույցում երեքշաբթի երեկոյան հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։
Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդի դեմ հարձակումը հետաքննելու ամերիկացիների և եվրոպացիների կոչերին միացան նաև Եվրամիությունը հունվարին լքած բրիտանացիները:
«Ալեքսեյ Նավալնու թունավորումը ցնցել է աշխարհը», - այսօր Twitter-ում գրել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Մեզ կատարվածի լիարժեք և թափանցիկ հետաքննություն է անհրաժեշտ։ Միացյալ Թագավորությունը կմիանա միջազգային այն ջանքերին, որոնց նպատակը արդարադատության հասնելն է», - նշել է Բորիս Ջոնսոնը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբն էր նշել, որ Լոնդոնը այս խնդրում սերտորեն համագործակցելու է արևմտյան մյուս պետությունների հետ։
«Մենք միասնաբար ենք հանդես գալիս Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ։ Ռուսաստանը պարտավոր է թափանցիկ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - Twitter-ի իր էջում գրել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը։
Պաշտոնական Մոսկվան Արևմուտքից հնչող այս հայտարարություններին հակադարձում է, թե Նավալնու թունավորման հստակ ապացույցներ մինչ օրս դեռ ներկայացված չեն, իսկ եթե ռուսաստանցի ընդդիմադիրն անգամ թունավորման զոհ է դարձել, ապա Ռուսաստանը դրա հետ որևէ առնչություն չունի։
«Մենք միանշանակորեն մյուսներից պակաս շահագրգիռ չենք, որպեսզի հստակեցվի, թե ինչն է հանգեցրել այժմ բեռլինյան հիվանդանոցում բուժվող պացիենտի կոմային», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավատարիմ մնալով Կրեմլում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին՝ երբեք չարտաբերել Ալեքսեյ Նավալնու անունը։