Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Նավալնու թունավորմանը Կրեմլի առնչության մասին խոսակցությունները դատարկ աղմուկ են»


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Գերմանացի բժիշկները շտապել են՝ հայտարարելով, թե ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է», - նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պաշտոնական Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները «դատարկ աղմուկ» որակելով։

Անդրադառնալով Նավալնու թունավորումը շուտափույթ կերպով հետաքննելու կոչերին՝ Պեսկովը նշում է, թե նման հետաքննությունը հնարավոր կդառնա միայն մի դեպքում, երբ թունավորման վարկածը պաշտոնապես հաստատվի, ինչպես նաև հստակեցվի այն նյութը, որով թունավորվել է ընդդիմադիր գործիչը։

Կրեմլի խոսնակը նաև հերքում է շրջանառվող այն լուրերը, թե իշխանությունները չէին ցանկանում, որպեսզի Նավալնին տեղափոխվի Գերմանիա, և որ այդ խոչընդոտներից ամենաաչքի ընկնողը Օսմկի հիվանդանոցի բժիշկների հակասական պահվածքն էր։

«Մեր բժիշկներն, ի դեպ, երեք օր շարունակ պայքարում էին հիվանդի կյանքի համար, չի բացառվում անգամ, որ փրկել են նրա կյանքը։ Բացի այդ, մեր պատկան մարմինները առավելագույն արագությամբ կարողացան լուծել փաստաթղթային բոլոր հարցերը, ի դեպ, բացառության կարգով», - նշում էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի հայտարարությունը ակնհայտ պատասխանն է Գերմանիայի կառավարության կողմից երեկ հնչեցրած կոչին, որով դաշնային կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Հեյկո Մաասը պաշտոնական Մոսկվային կոչ էին անում քայլեր ձեռնարկել Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի քաղաքական ընդդիմության նշանակալի դերակատարություն ունեցող ներկայացուցիչներից մեկն է, մենք կոչ ենք անում այդ երկրի իշխանություններին շուտափույթ կերպով և կատարյալ թափանցիկության պայմաններում հետաքննել տեղի ունեցածը։ Մեղավորները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության», - նշված էր հայտարարության մեջ։

Մերկելի և Մաասի այս հայտարարությունը հրապարակվեց Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցի պաշտոնական հաղորդագրությունից մի քանի ժամ անց, երբ գերմանացի բժիշկները արդեն որևէ կասկած չունեին, որ Նավալնին թունավորման զոհ է դարձել։ Գերմանացի բժիշկների պնդմամբ` Նավալնու դեմ այսպես կոչված «հոլիէնսթերազային ինհիբիտորների» դասին պատկանող թունավոր նյութ էր կիրառվել։ Թույների այս խմբին է պատկանում նաև տխրահռչակ «Նովիչոկը», որի միջոցով 2018 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայում թունավորել էին Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին։

«Նովիչոկի» ստեղծողներից մեկը` այժմ Միացյալ Նահանգներում բնակվող քիմիկոս Վիլ Միրզայանովը, «Ազատությանը» տված հարցազրույցում պնդում է, որ Նավալնին թունավորման հետևանքները կարող է զգալ կյանքի ողջ ընթացքում։ «Թունավորումը գործնականում անդառնալի է։ Թունավորումը մարդու առողջությանը շատ լուրջ վնաս է հասցնում, այդ նյութերը մարդու օրգանիզմում անգամ քայքայումից հետո դեռ շատ երկար են պահպանվում», - նշում էր Միրզայանովը։

Լոնդոնի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ Թագավորական քոլերի բիոքիմիական տոքսիկոլոգիայի պրոֆեսոր Ռիչարդ Փարսոնզի պնդմամբ ևս` թունավորումից հետո Սկրիպալների հետ տեղի ունեցածի և Նավալնու առողջական վիճակի վատթարացման կլինիկական պատկերի միջև որոշակի նմանություններ կան։

«Վերջերս մենք ավելի հաճախ ենք ականատես դառնում տարբեր մարդկանց նկատմամբ նման թույների կիրառմանը։ Նմանատիպ նյութերից էր «Նովիչոկը», որ կիրառվեց Սոլսբերիում Սկրիպալների դեմ։ Դա շատ ուժեղ նյութ է։ Նավալնու դեպքում էլ պնդումներ կան, որ նույնատիպ դասի նյութ է կիրառվել, թեև առայժմ չի հստակեցվել, թե հատկապես ինչ նյութ էր դա։ Գերմանական հիվանդանոցն արդեն հաստատել է, որ գործ ունենք «հոլիէնսթերազային ինհիբիտորների» դասին պատկանող նյութի հետ։ Սկրիպալների դեպքում, ի դեպ, թույնը կիրառվեց փոշու տեսքով, Նավալնու պարագայում իբրև թե հեղուկ է եղել, որ ավելացվել է օդանավակայանում Նավալնուն մատուցված թեյին։ Ամեն դեպքում սրանք թույներ են, որոնք կիրառվում են արդեն շուրջ մեկ դար», - նշում է Փարսոնզը։

Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը կտրուկ կերպով վատացավ օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նավալնին տեղափոխվեց Օմսկի հիվանդանոցներից մեկը, և տեղացի բժիշկների, նաև իշխանությունների համառ, եռօրյա դիմադրությունը հաղթահարելուց հետո միայն ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցները կարողացան Նավալնուն տեղափոխել Գերմանիա։ Արդեն հինգերորդ օրն է` Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, գերմանացի բժիշկների գնահատմամբ` նրա վիճակը կայուն ծանր է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG