Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը կշարունակվի Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը, ընդդիմադիր գործչին տեղափոխող ինքնաթիռն այսօր վաղ առավոտյան մեկնել է Օմսկի միջազգային օդանավակայանից:
Ռուսաստանյան գործակալության փոխանցմամբ՝ Նավալնիի առողջական վիճակը կայունացել է, և քաղաքական գործչի հարազատների պահանջով որոշում է ընդունվել նրան տեղափոխելու մասին:
Ավելի վաղ, հիշեցնենք, Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլ չէին տալիս տեղափոխել Նավալնիին, և նրա կինն այդ հարցով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Կրեմլի կոշտ քննադատի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր երկու օր առաջ՝ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում, որի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում: Այստեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, Օմսկի հիվանդանոցի բժիշկները, այդուհանդերձ, դա չեն հաստատում: