Գերմանական ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է առել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը, որտեղ բուժում է ստանում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: МБХ медиа-ի (հիմնադրված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկիի կողմից) տվյալներով` հիվանդանոցի մոտ հերթապահում են ոստիկանական մի քանի ավտոբուսներ, ինչպես նաև ոստիկանական խմբեր կան հիվանդանոցի մերձակայքում:
Նավալնին Բեռլին է տեղափոխվել օգոստոսի 22-ի վաղ առավոտյան։ Կրեմլի կոշտ քննադատի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր երեք օր առաջ՝ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում, որի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում: Այստեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, Օմսկի հիվանդանոցի բժիշկները, այդուհանդերձ, դա չեն հաստատում: Նախօրեին Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից հայտնել են, որ մասնագետներն արդեն անցել են Նավալնիի բուժզննմանը, ստուգումների ավարտին ընտանիքի թույլտվությամբ բժիշկները հիվանդության և բուժման մեթոդների վերաբերյալ առաջիկա օրերին հանդես կգան հայտարարությամբ: