Մատչելիության հղումներ

Նավալնիի կինը պաշտոնապես դիմել է ՌԴ նախագահին՝ նրան Գերմանիա տեղափոխելու պահանջով


Ալեքսեյ Նավալնին արդեն երկրորդ օրն է կոմայի մեջ է՝ Օմսկի շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա հարազատները պահանջում են Ռուսաստանի իշխանություններից թույլ տալ տեղափոխել Նավալնիին Գերմանիա, որտեղից այսօր առավոտյան հատուկ օդանավ է ժամանել՝ անհրաժեշտ սարքերով և բժիշկներով:

Հիվանդանոցի բժիշկները, սակայն, ասում են, որ որոշել են նրան թողնել հիվանդանոցում, քանի դեռ նրա վիճակը չի կայունացել:

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործչին Գերմանիա տեղափոխելու հարցը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով, պետք է որոշեն բժիշկները: Պուտինի մամուլի քարտուղարն այսօր նաև ասել է, որ Նավալնիի ընտանիքը Կրեմլին պաշտոնապես չի դիմել Գերմանիա տեղափոխելու հարցով:

Այս հայտարարությունից հետո Ալեքսեյ Նավալնիի կինը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի նախագահին՝ նրան Գերմանիա տեղափոխելու պահանջով: Բացի այդ Յուլյա Նավալնայան պատմել է, որ հիվանդանոցում գտնվող իրավապահ մարմինների աշխատակիցները չեն թողել հարազատներին շփվել գերմանացի բժիշկների հետ:

«Ալեքսեյին մեզ չեն տալիս, ակնհայտ է՝ ինչ-որ բան են թաքցնում մեզանից, մենք պահանջում ենք, որ նրան անհապաղ թույլ տան տեղափոխել մեկ այլ հիվանդանոց, որտեղ կան բժիշկներ, ու մենք վստահում ենք», - այսօր հայտարարել է Յուլյա Նավալնայան:

Պեսկովը նրանց այս պահանջին դեռ չի արձագանքել, չեն խոսել նաև գերմանացի բժիշկները, որ այսօր առավոտյան ժամանել էին Օմսկ հատուկ օդանավով և արդեն այցելել են հիվանդանոց, ինչպես նաև եղել են Նավալնիի հիվանդասենյակում: Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղարն ասել է, թե գերմանացի բժիշկները համարում են, որ Նավալնին կարող է անվտանգ տեղափոխվել Գերմանիա:

Ավելի վաղ Օմսկի համար 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտնել է, որ Նավալնիի վիճակն անկայուն ծանր է, նա գիտակցության դեռ չի եկել, կոմայի մեջ է, և վտանգավոր է նրան տեղափոխել:

Մուրախովսկին, որ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է, հայտնել է Ալեքսեյ Նավալնիի նախնական ախտորոշումը՝ նյութափոխանակության խանգարում, որը կարող է պայմանավորված լինել արյան մեջ շաքարի կտրուկ իջեցմամբ, ինչն էլ առաջացրել է գիտակցության կորուստ:

Ալեքսեյ Նավալնիի թիմակից, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը Օմսկում հայտարարել էր. «Տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչը մեր ներկայությամբ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկին ասել է, թե հայտնաբերել են թունավոր նյութ, այն չափազանց վտանգավոր է ոչ միայն Նավալնու, այլև նրա կողքին գտնվող բոլոր մարդկանց համար: Թե կոնկրետ ինչ նյութի մասին է խոսքը, տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը»:

Սրան ի պատասխան Օմսկի շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը ավելի ուշ հայտարարել է, թե այդ նյութը հայտնաբերվել է կողմնակի իրերում, օրինակ, հագուստի վրա, և սովորական արդյունաբերական քիմիա է:

Բժիշկներն առայժմ այլ մանրամասներ չեն հայտնում 44-ամյա Նավալնիի վիճակի մասին, միայն ասում են՝ կա որոշ դինամիկա, սակայն վիճակը կայուն չէ: Նրա թիմակից Լեոնիդ Վոլկովը գրել է՝ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու արգելքը քաղաքական որոշում է, որի հիմքում Ռուսաստանի իշխանությունների վախն է առ այն, որ անկախ եվրոպացի բժիշկները կհայտնաբերեն այն նյութը, որով թունավորել են ընդդիմադիր գործչին:

Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներն անցած գիշեր հայտարարել էին, թե պատրաստ են բժշկական օգնություն տրամադրել ռուսաստանցի ընդդիմադիր գործչին:

Ալեքսեյ Նավալնին վատացել էր երեկ առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, մինչ այդ նա Տոմսկի օդանավակայանի սրճարանում թեյ էր խմել, օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում:

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում անցկացվում են միանձնյա ակցիաներ՝ ի աջակցություն ընդդիմադիր գործչի: Ռուսաստանյան ընդդիմությունը համոզված է, որ Նավալնիին թունավորել են և հիմա էլ վտանգելով նրա կյանքը թույլ չեն տալիս տեղափոխել եվրոպական հիվանդանոց:

XS
SM
MD
LG