Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին շարունակում է գտնվել Օմսկի շտապ օգնության հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում։
Ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ կերպով վատացել էր այսօր առավոտյան Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Ինքնաթիռի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում, որից հետո Նավալնին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։
Նավալնիի թիմակիցների ենթադրությամբ՝ ընդդիմադիր գործչին թունավորել են։
«Ալեքսեյը շարունակում է միացված մնալ թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա կոմայի մեջ է՝ ծանր վիճակում», - Twitter-ում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Ընդդիմադիրները ենթադրում են, որ նրան թունավորել են օդանավ նստելուց անմիջապես առաջ։
«Նավալնիի թունավորումը դեռ հաստատված չէ, նրա ախտորոշումը կհստակեցվի օրվա ընթացքում», - «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել է Օմսկի թիվ 1 շտապ օգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն։