Մատչելիության հղումներ

Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցը հաստատում է` Ալեքսեյ Նավալնուն թունավորել են


Գերմանիա - Ալեքսեյ Նավալնուն տեղափոխում են «Շարիտե» հիվանդանոց, Բեռլին, 22-ը օգոստոսի, 2020թ.
Գերմանիա - Ալեքսեյ Նավալնուն տեղափոխում են «Շարիտե» հիվանդանոց, Բեռլին, 22-ը օգոստոսի, 2020թ.

Ալեքսեյ Նավալնուն թունավորել են, նման հայտարարություն է արել գերմանական «Շարիթե» հիվանդանոցը: «Նավալնու հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ նրան թունավորել են, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ճշգրիտ նյութը դեռ չի հայտնաբերվել, կատարվում են հետազոտություններ», - ասված է գերմանական «Շարիթե» կլինիկայի պաշտոնական հայտարարության մեջ:

Ալեքսեյ Նավալնու հարազատներն ու թիմակիցները ի սկզբանե հայտարարում էին, որ Պուտինի կոշտ քննադատին թունավորել են: Նրան Օմսկի հիվանդանոցից գերմանական հիվանդանոց են տեղափոխել շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ին առավոտյան: Տեղափոխումը կազմակերպել էր Cinema for Peace հիմնադրամը՝ Միացյալ Նահանգներում բնակվող ռուսաստանցի գործարար Բորիս Զիմինի ֆինանսական աջակցությամբ:

Այսօր հիմնադրամի ղեկավար Յակա Բիզիլը գերմանական Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ալեքսեյ Նավալնին ողջ կմնա, բայց առնվազն երկու ամիս չի կարողանա ակտիվ զբաղվել քաղաքականությամբ: Ավելի ուշ Բիզիլը ճշտել է, որ նման հայտարարություն արել է ոչ թե բժիշկներից ստացած տվյալների հիման վրա, այլ իրավիճակի սեփական գնահատականն է ներկայացրել:

«Ալեքսեյի ընտանիքը ոչ մեկին չի լիազորել իր անունից մամուլում հայտարարություններ անելու նրա առողջության մասին: Այս պահին Ալեքսեյի առողջության մասին նոր մանրամասներ չկան», - երկուշաբթի օրը ավելի վաղ գրել է Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ի Մոսկվա էր վերադառնում Տոմսկից: Օդանավում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում, և Նավալնուն անգիտակից վիճակում տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի կողմնակիցները համոզված են, որ նրան թունավորել են: Օմսկի բժիշկները հայտարարել են, թե հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջացել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման պատճառով:

Օմսկի բժիշկները հրաժարվում էին հիվանդին փոխանցել Գերմանիայի գործընկերներին՝ հայտարարելով, թե նրա առողջությունը վտանգված է: Իրավիճակին խառնվել էին եվրոպական երկրների առաջնորդները նույնիսկ, ինչից հետո էլ նրան շուրջ երկու օր Օմսկի հիվանդանոցում պահելուց հետո թույլ են տվել տեղափոխել Գերմանիա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, ի պատասխան հարցին` արդյոք Պուտինը մասնակցել է բանակցություններին կամ Նավալնուն Գերմանիա բուժման ուղարկելու որոշման կայացմանը, այսօր հայտարարել է, թե բլոգեր Ալեքսեյ Նավալնուն Օմսկի կլինիկայից Բեռլինի բուժհաստատություն տեղափոխելու մասին որոշումը չի պահանջել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Պեսկովը նշել է, որ խոսքը բացարձակապես բժկական որոշման մասին է, որը կապված է եղել հիվանդի առողջական վիճակի հետ. - «Այստեղ որևէ առիթ չկա միջազգային բանակցությունների համար: Ես միայն կարող եմ ասել, որ անշուշտ այս դեպքում մեր համապատասխան իշխանություններն ամեն ինչ արել են շատ արագ, այն բանից հետո, երբ բժիշկները հնարավոր են համարել հիվանդի տեղափոխումը»:

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուխարովսկին այսօր հայտնել է, թե պատասխան է ստացել Բեռլինի կլինիկայից: Գերմանացի բժիշկների խոսքով` Նավանլին նախկինի պես ծանր վիճակում է: Միևնույն ժամանակ նա այսօր հայտարարել է, թե ոչ ոք չի խառնվել Նավալնու բուժման մեջ, սակայն սրա հետ մեկտեղ չի կարողացել պատասխանել լրագրողների հարցերին, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով անձինք Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի գրասենյակում: Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ դրանք ուժայիններ էին:

Նավալնու թիմակիցները ոչ միայն հայտարարում են, թե ընդդիմադիր գործչին թունավորել են, այլ նաև սրան մեղադրում են անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայտնի քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, մասնավորապես, տեսահոլովակ է հրապարակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում, որում Նավալնուն թունավորելու մեջ մեղադրում է Պուտինին և պահանջում իրավապահ մարմիններից, որ ստուգեն նրա այս վարկածը. - «Շատերն ասում էին, թե Պուտինին սա ձեռնտու չէ, մեր երկրում սա սովորական է դարձել: Անկախ լրագրողներին, ընդդիմադիրներին սպանում են, նրանց դեմ մահափորձեր են ձեռնարկում և ամեն անգամ մենք լսում ենք, թե Պուտինին սա ձեռնտու չէ: Հերիք է, պարո՛ն Պուտին, մենք բոլորս լավ հասկանում ենք, որ Դուք եք պատասխանատու այս սպանությունների և մահափորձերի համար, Դուք անձամբ: Հնարավոր չէ հավատալ, որ նման հանցագործությունը կազմակերպվել է առանց Ձեր թույլտվության, առանց Ձեր ուղիղ հրամանի կամ գոնե համաձայնության: Ես` Իլյա Յաշինս պահանջում եմ քրեական գործ հարուցել Նավալնու դեմ մահափորձի վերաբերյալ և պահանջում եմ ստուգել այս մահափորձին Ռուսաստանի նախագահի մասնակցության վարկածը», - ասել է նա:

XS
SM
MD
LG