Մատչելիության հղումներ

Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները


Բելառուսում երեկ կայացած նախագահական ընտրություններից հետո կտրուկ ու աննախադեպ կերպով սրվել է իրավիճակը։ Բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Մինսկում որոշ լրատվամիջոցներ հայտնում են՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ պահանջելով ավելի քան քառորդ դար նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոյից հեռանալ:

Իրավապահները ուժ են կիրառել՝ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին։ Սպասվում է, որ բողոքի ակցիաները կարող են շարունակվել նաև այսօր։

Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան կոչով դիմել է ուժայիններին՝ դադարեցնել բռնությունները, իսկ բողոք ակցիաների մասնակիցներին հորդորել է չտրվել սադրանքների։ Բելառուսում երեկվանից ծայրահեղ վատ է գործում ինտերնետը։

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախապես խոստացել էր տեղական ժամանակով գիշերը երկուսին հրապարակել նախնական արդյունքները, սակայն մինչ այս պահը տվյալները հրապարակված չեն։

Քիչ առաջ հայտարարվեց, որ նախնական արդյունքները կհրապարակվեն Մինսկի ժամանակով առավոտյան 9-ին, Երևանի ժամանակով՝ 10-ին։

Հայտնի է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 84,05 տոկոսը, 2015 թվականի նախագահական ընտրություններին այդ թիվը 87,22 տոկոս էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG