Մատչելիության հղումներ

Նախորդ գիշեր բախումները Մինսկում շարունակվել են


Անցած գիշեր բախումները Մինսկի և բելառուսական մի շարք քաղաքների փողոցներում շարունակվում էին։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական հաղթանակի դեմ բողոքող հարյուրավոր քաղաքացիներ մայրաքաղաք Մինսկի տարբեր շրջաններում, այդ թվում՝ քաղաքի արվարձաններում, կրկին դուրս էին եկել փողոց՝ փորձելով արգելափակել Բելառուսի մայրաքաղաքի հիմնական տրանսպորտային ուղիները։

Ինչպես և նախորդ երկու օրերին, անցած գիշեր ևս ցույցերը կազմակերպվել էին սոցիալական ցանցերի միջոցով։ Բելառուսական աղբյուրների փոխանցմամբ, սակայն, բողոքի ակցիաների համակարգումը կանխելու նպատակով իշխանությունները գրեթե ամբողջությամբ արգելափակել էին մայրաքաղաքում գործող ինտերնետ պրովայդերների աշխատանքը։

Ցույցերը ցրելու նպատակով Բելառուսի ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Իրավիճակն առավել թեժ է եղել Մինսկի Կամեննայա գորկա, Ուրուչյե թաղամասերում, ինչպես նաև Ուսանողական ավան կոչվող շրջաններում։

Reuters-ի տեղեկություններով՝ ցույցերի ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, գործակալության փոխանցմամբ, հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել նաև ակցիաները լուսաբանող լրագրողների, այդ թվում՝ BBC-ի նկարահանող խմբի նկատմամբ։

XS
SM
MD
LG