Բողոքի ակցիաները Բելառուսում շարունակվում են, մի շարք հիմնարկներ գործադուլ են հայտարարել: Նոր ակցիաներ են անցկացվել թե՛ Մինսկում, թե՛ հանրապետության մյուս քաղաքներում:
Երեկ երեկոյան Բելառուսում նորից թեժ էր. ՕՄՕՆ-ն ու ոստիկանները դաժանաբար ծեծում էին ցուցարարներին, ընդ որում ապակենտրոն ակցիաների մի մասն անցնում էր Մինսկի արվարձաններում: Մարդիկ հավաքվում էին բնակելի շենքերի բակերում: Երեկ երեկոյան և գիշերը Մինսկում նորից չէին գործում ինտերնետն ու բջջային կապը, Տելեգրամի ալիքների միջոցով, այնուամենայնիվ, համացանցում հայտնվել են տասնյակ տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես են իրավապահները բիրտ ուժ կիրառում ցուցարարների, այդ թվում` անչափահասների և կանանց նկատմամբ:
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե ցուցարարների «կորիզը կրիմինալ անցյալով մարդիկ են»: Մինչդեռ այսօր Բելառուսի տարբեր քաղաքների փողոցներով երթով անցել են կանայք և աղջիկներ` ի աջակցություն ցուցարարների և պահանջելով արդար ընտրություններ:
Բելառուսի պետական հեռուստաընկերություններն այսօր հայտնել են, որ իրավապահները ձերբակալել են նախկինում դատապարտված մի տղամարդու, ով ապրում էր մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում և գումար բաժանում մարդկանց անկարգություններին մասնակցելու համար: «Բաց մեդիահարթակը» զրուցել է ձերբակալված 36-ամյա Միխայիլ Սիմակովի կնոջ` Եկատերինայի հետ, որը պատմել է, որ իր ամուսինն ավտոմեքենաների վաճառքով էր զբաղվում, և նրա մոտ հայտնաբերված 10 հազար ԱՄՆ դոլարը վերջին գործարքի գումարն էր:
Ձերբակալվել են նաև ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստներ, ”Открытка” իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցներ Իգոր Ռոգովն ու Արտյոմ Վաժենկովը, ովքեր օրինական ճանապարհով էին եկել Բելառուս և գրանցվել որպես դիտորդներ ընտրություններին «Բաց Ռուսաստան» կազմակերպությունից: Բելառուսական պետական լրատվամիջոցները նրանց կապում են Միխայիլ Խոդորկովսկու և Ալեքսեյ Նավալնու հետ` հավելելով, թե նրանք սադրիչներ են ու անկարգությունների կազմակերպիչներ:
Ռուսական պետական հեռուստաընկերությունները ևս սկսել են ակտիվ լուսաբանել բելառուսական ցույցերը` շեշտելով, որ դրանք ուղղորդվում են Լեհաստանից և Լիտվայից:
Կա տեղեկություն, որ համացանցն այսօր սկսել է նորմալ աշխատել Բելառուսում: Հազարավոր մարդիկ ձերբակալված են, նրանց հարազատներն այսօր հավաքվել են այն բաժանմունքների մոտ, որտեղ պահում են ցուցարարներին, և պահանջել նրանց ազատ արձակել: Հստակ տեղեկություն թե՛ ձերբակալվածների, թե՛ իրավապահների դաժան գործողություններից տուժածների մասին չկա:
Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովկայան օգոստոսի 10-ին` ուշ երեկոյան, մեկնել էր Լիտվա: Նա երկու տեսագրություն էր ձայնագրել. մեկում ասում էր, որ որոշում է կայացրել հօգուտ երեխաների և մեկնել նրանց մոտ` Լիտվա, մյուսում իր աջակիցներին կոչ էր անում դուրս չգալ փողոցներ և ենթարկվել իրավապահներին: Նրա թիմակիցները հայտարարել են. «Ընտրված նախագահի դեմ ճնշում են գործադրել և ստիպել նման ձայնագրություններ անել»:
Շտաբի կոորդինատոր, ընդդիմադիր Վալերի Ցեպկալոյի կինը` Վերոնիկա Ցեպկալոն, այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ստեղծված իրավիճակը Բելառուսում համեմատել է «ցեղասպանության» հետ: «Նրան` Լուկաշենկոյին, ոչինչ չի կանգնեցնում, նրան չի կանգնեցնում մարդկանց ընտրությունը, նրան չեն կանգնեցնում խաղաղ ցույցերը, մարդկանց ցրում են, կրակում են մարդկանց վրա, ձայնային նռնակներ նետում, մարդկանց սառը ջրով են ջրում, երիտասարդ աղջիկներ ծեծում: Բելառուսում այժմ իշխանության բռնի զավթում է, և Բելառուսում այժմ, կարելի է ասել, ընթանում է ցեղասպանություն: Դրա համար, այո, իհարկե, պայքարելու ենք: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն օգնել մեզ անցկացնել նոր, ժողովրդավարական, բաց ընտրություններ, և մենք խնդրում ենք, դիմում ենք բոլորին, որ օգնեն Բելառուսի ժողովրդին, քանի որ Բելառուսում արդեն արյուն է թափվում», - ասել է նա:
Հիշեցնենք` Բելառուսում ցուցարարների և իրավապահների բախման հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, կան հարյուրավոր վիրավորներ:
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները դատապարտել են Բելառուսի իշխանություններին «բիրտ ուժ» կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար և չեն ճանաչել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել են միայն հետխորհրդային մի շարք երկրների և Չինաստանի ղեկավարները: