Նախնական արդյունքների հրապարակումից ընդամենը ժամեր անց ընտրվելու կապակցությամբ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը Բելառուսի նախագահին խիստ քննադատվում է, հեղափոխությամբ իշխանության եկած «Իմ քայլում» անընդունելի ոչինչ այդ շնորհավորանքում չեն տեսնում։
Բելառուսում հետընտրական բազմահազարանոց ցույցերը չեն դադարում, իրավապահները կոշտ միջոցներ են կիրառում, պաշտոնապես հայտնի է մեկ զոհի մասին:
Իսկ ահա պաշտոնական թվերի համաձայն, Լուկաշենկոն 80-ից ավելի տոկոս ձայներով հաղթել է ընդդիմադիր հիմնական թեկնածու՝ ընտրողների ձայների մոտ տասը տոկոսը հավաքած Տիխանովսկայային։
Հայաստանից էլի են շնորհավորանքներ հնչել. Նախագահ Արմեն Սարգսյանից, «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար, Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր անձնական ջերմ հարաբերություններով հայտնի Գագիկ Ծառուկյանից:
«Մաղթում եմ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում», - Լուկաշենկոյին հղած ուղերձում գրել էր Փաշինյանը:
Վարչապետը շատ է շտապել, կարծում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Էդմոն Մարուքյանը իշխող ուժի անցած ճանապարհի ու այդ շնորհավորանքի միջև արժեքային հակադրություն է տեսնում։ 2018-ին հեղափոխությունը սկսվեց նախագահական երկու ժամկետներն ավարտած, բայց վարչապետի պաշտոնին ձգտող Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ պայքարից։
«Ես կսպասեի, որ ներքին գոնե ինստանցիաներով ընդդիմության վիճարկելու գործընթացները գնան և նոր որոշում կկայացնեի դրա վերաբերյալ: Իսկ էս առումով վարչապետը շատ շտապել է նախ: Եվ հաջորդը, որ արդեն էնտեղ զոհ կա, և երեք հազարից ավել մարդ ա բերման ենթարկվել, ընդդիմության առաջնորդները բանտերում նստած են, ԶԼՄ-ների ղեկավարները, լրագրողները բանտերում նստած են, և վարչապետը էդ ամեն ինչը մի կողմ ա դնում և շտապելով շնորհավորում ա», - նշեց Մարուքյանը:
26 տարի նախագահած ու, ըստ պաշտոնական տվյալների, վեցերորդ անգամ վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորող երկրների թվում Հայաստանն առաջիններից մեկն էր: Համոզիչ հաղթանակի առիթով Ադրբեջանի նախագահից է շնորհավորանքներ ստացել, նաև Չինաստանի, Թուրքիայի, Վենեսուելայի, ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերներ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահներից։ Եվրոպայից ու ԱՄՆ-ից մտահոգություններ են հնչում։
Հայաստանում կոշտ են արտահայտվում նաև իրավապաշտպանները:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում Փաշինյանի շնորհավորանքը երկակի ստանդարտի դրսևորում է որակել` հիշեցնելով. – «Նա տասը տարուց ավել ազատ և արդար ընտրությունների համար էր պայքարում, բանտեր էր նստում: Չէր նահանջում, Մարտի 1 էր տեսել և շատ լավ պատկերացնում էր գարշելի կառավարման կերպարը»:
«Մի պետություն, որի վարչապետը շնորհավորում է բռնապետ Լուկաշենկոյին, ապա ո՞նց կարող է նույն արարքի համար քրեական հետապնդում իրականացնի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ», - իր ֆեյսբուքյան էջում իրավապաշտպան Արթուր Սաքունցն իրավիճակն արժեքների և սկզբունքների կատարյալ անախրոնիզմ էր համարել:
«Ազատության» հետ զրույցում ասաց. – «Նման իրավիճակում, որն ամբողջությամբ հիշեցնում է 2008 թվականի մարտի 1-ը, չի կարող ժողովրդավարական պետության ղեկավարը նման պայմաններում մինչ պաշտոնական գոնե տվյալների տարածումը շնորհավորի»:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նպատակահարմար չհամարեց արձագանքել Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին, բայց ասաց՝ ծանոթ է, հետևում է։
Իշխանական «Իմ քայլից» Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վարչապետի շնորհավորանքի մեջ անընդունելի ոչինչ չի տեսնում. – «Ես գնահատական չեմ տա այդ գնահատականներին: Ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունները ներքին քաղաքականության հետ տարբերություն ունեն: Միջազգային գործընկերությունը, պետությունների ղեկավարների փոխհարաբերությունները այլ մակարդակ ունեն և այլ կոմպոնենտներ ունեն»:
Հնչող քննադատությունները չի ընդունում նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իմքայլական անդամ Անուշ Բեղլոյանը: Վարչապետն իր անձնական վերաբերմունքը, կարծում է, չէր կարող վեր դասել Հայաստանի շահից. – «Մեզանից յուրաքանչյուրը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, ես համոզված եմ, յուրաքանչյուրը իր մտքում և բարձրաձայն ասում է` Жыве Беларусь, սակայն մենք բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գերագույն շահերով, և իր անձնական և որպես քաղաքացի վերաբերմունքը չի կարող այն պատասխանատվությունից վեր դասել, որն ինքը կրում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
«Ազատության» հարցին, թե ինչ շահ ունի Հայաստանը Բելառուսի նախագահին շնորհավորելով, Բեղլոյանն արձագանքեց. – «Իհարկե, բազմաթիվ հանգամանքներ կան, բայց ես կարծում եմ` մեկն այն է, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին, վաճառել է, և որևէ մեկը չի կարող ասել, թե արդյոք այս կամ այն քայլի պարագայում այդ զենքի վաճառքը չէր կրկնապատկվի: Ես տեսական օրինակ եմ ասում, որը այն Հայաստանի Հանրապետության գերագույն շահն է, որը նաև հաշվի է առնվում նման որոշումներ կայացնելուց»:
Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Բելառուսը շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառել. – «Գոնե, ասենք, պայմանավորված լինեին էդ շնորհավորելու դիմաց Բելառուսը խոստանար, որ Ադրբեջանին զենք չի վաճառելու էլ: Եթե ռեալ պոլիտիկով եք շարժվում... բայց վստահ եմ, որ դուք էլ գիտեք, որ նման բան չկա: Հետևաբար ի՞նչ ենք դրա դիմաց ստացել: Եթե մի ամսից, օրինակ, Լուկաշենկոն չլինի Բելառուսի նախագահը, ինչպես, օրինակ, Յանուկովիչը չեղավ երեք անգամ շնորհավորանքներ ստանալուց հետո, էդ ժամանա՞կ ինչ են ասելու: Եվ հստակ խնդիր կա էստեղ անցած ճանապարհի, հետագծի: Իմ կարծիքով, հիմա Բելառուսում Մարտի 1 ա տեղի ունենում»: