Մատչելիության հղումներ

Միակ երկիրը, որ փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր. վարչապետ


Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր մահացել է Տավուշի սահմանին գլխուղեղային ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Արթուր Մուրադյանը:

Նա վիրավորում էր ստացել հուլիս 14-ին: Առողջական վիճակը ի սկզբանե գնահատվել էր ծայրահեղ ծանր, հյուսիսարևելյան սահմանին հուլիս 12-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվեց 5 զինծառայող։

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը մի քանի արձանագրումներ արեց հուլիսյան մարտերի ու դրանց հետևանքների վերաբերյալ:

Այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախ դեմ ուղղորդելու համար», - ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի, հայկական կողմը ամրացրեց դիրքերը սահմանագծում, մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը։ Վարչապետը շեշտեց՝ անցնող օրերին Հայաստանը միջազգային համայնքի առջև պատասխանատու պահվածք ցուցաբերեց, հավատարիմ մնաց կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք խախտվում էին Ադրբեջանի կողմից:

«Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքն, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանց երկրները: Նիկոլ Փաշինյանը հատկապես արդյունավետ է համարում Ռուսաստանի Դաշնության ներգրավումը՝ Արտգործնախարարության, Զինված ուժերի Գլխավոր շտաբների մակարդակով:

«Միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր», - հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, - «Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»:

Հայաստան-Արցախ ընդհանուր անվտանգության համակարգը պետք է է'լ ավելի ամրապնդվի, Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, Ադրբեջանը հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից, Փաշինյանը շարադրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ հուլիսյան մարտերից հետո:

«Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում», - ասաց վարչապետը:

Այս օրերին Ադրբեջանը թիրախավորեց նաև սահմանամերձ բնակավայրերը՝ կրակի տակ դնելով խաղաղ բնակչությանը: Ըստ վարչապետի, Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս, ընդգծեց Փաշինյանը, իսկ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը», - ասաց նա:

Վարչապետը նշեց. «Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը»:

Ըստ Փաշինյանի, նման մոնիթորինգ կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն, զինվորականների միջև տեղում ուղիղ կապը նույնպես կարող է արդյունավետ գործիք դառնալ միջադեպերը կանխելու ուղղությամբ:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը վարչապետի ելույթում առանձնացնում է այն, որ Երևանը հստակ սահմանում է՝ Տավուշում տեղի ունեցածը ռազմական հաղթանակ է, որ բարձրացնում է Հայաստանի դիրքավորումը տարածաշրջանում: Եվ այս համատեքստում, ըստ Հակոբ Բադալյանի, արձանագրվեց Թուրքիային զսպող նոր ձևաչափերում ներգրավման մասին:

«Գուցե ժամանակի ընթացքում ավելի հստակ լինի, թե հատկապես ինչ ձևաչափերի մասին է խոսքը: Այս համատեքստում մենք գիտենք, որ Կրոնական ազատությունների դաշինքին է Երևանը միացել, որ ստեղծվել է Նահանգների նախաձեռնությամբ, ես սա դիտարկում եմ նաև Թուրքիայի զսպմանն ուղղված որոշակի ձևաչափերից մեկը: Միևնույն ժամանակ կարևոր է այս համատեքստում նաև այն, որ Երևանը փաստացի արձանագրում է, որ այն ձևաչափերը, որոնցում ինքը կա, մասնավորապես Հավաքական անվտանգության պայմանագիրը, դրանք ներկայումս բացարձակապես բավարար չեն Թուրքիայի սպառնալիքը զսպելու ունակ համարելու համար», - ասաց քաղաքական մեկնաբանը:

Հակոբ Բադալյանը կարևոր է համարում նաև այն, որ շեշտադրվեց միջազգային հանրության պատասխանատվության հարցը՝ Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքի ու խաղաղ բնակչության թիրախավորման առումով:

«Դա փաստացի ահաբեկչական պահվածք է և ըստ այդմ առաջանում է հարց՝ միջազգային հանրության պատասխանատվության դաշտում գտնվող սուբյեկտները ֆինանսավորում են այդ ահաբեկչությունը, թե ոչ», - նշեց Բադալյանը:

Ի դեպ, Տավուշի սահմանամերձ գյուղերը հրետակոծությունից ավելի քան 150 միլիոն դրամի վնասներ են կրել, սա միայն վնասված տների մասով։ Գործադիրն այսօր 25 միլիոն դրամ հատկացրեց՝ տների կառուցման համար։ Կսկսեն Չինարիում ավերված տնից, որտեղ 10 հոգանոց ընտանիք է ապրում՝ 5-ը երեխաներ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG