Արդեն երրորդ օրն է՝ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ անցած գիշեր ադրբեջանական կողմը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 9 անգամ ու ոչ միայն Տավուշի ուղղությամբ։
«Մասնավորապես Ճամբարակի ուղղությամբ են եղել կրակոցներ, օգտագործվել է ավտոմատ նռնականետ, դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և արդյունքում լռեցրել», - ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտպանական գերատեսչության տեղեկացմամբ՝ Ադրբեջանից անկանոն կրակ է արձակվել նաև Վայոց Ձորի Խնձորուտ և Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղերին մոտ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, սակայն դրանց հայկական կողմը չի պատասխանել։
Արդյոք վերջին օրերի հարաբերական անդորրը կողմերի պայմանավորվածության արդյունք է, Հայաստանի արտաքին գերատեսչությունից փակագծերը չեն բացում, միայն հայտնում են` գործընթացին ակտիվ ներգրավված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես՝ ՌԴ համանախագահը։
Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում ասաց. - «Շաբաթ օրը կայացած ճեպազրույցի ընթացքում ես արդեն իսկ առիթ եմ ունեցել անդրադառնալ այս հարցին` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ակտիվորեն ներգրավված է եղել, մասնավորապես ՌԴ համանախագահը: Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը շարունակական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ, շփումներ են եղել նաև 2 երկրների զինվորականների մակարդակով»:
Փորձագետները ևս չեն բացառում, որ սահմանի վերջին օրերի հարաբերական անդորրը հնարավոր է երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է, այնուամենայնիվ ավելի հավանական են համարում այն, որ ադրբեջանական կողմը ձախողվեց, այդ իսկ պատճառով էլ կանգ առավ՝ հետագա պարտությունից խուսափելու համար։
«Իհարկե, կան քաղաքական գործոնները` պայմանավորված թե սրանից, թե նաև այն հանգամանքից, որ միջազգային քաղաքական դերակատարները, գործնականում բոլորը, բացառությամբ գուցե Թուրքիայի, Ադրեջանին ուղղակի, թե անուղղակի հասկացրին, որ փորձել շարունակել ապակայունացնել իրավիճակն ամենևին նպատակահարմար չէ միջազգային տրամաբանության տեսանկյունից, և պետք է համակերպվել այն իրողությանը, որ կա», - ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասում է` Ադրբեջանը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել նաև դիվանագիտական դաշտում, հատկապես Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքից հետո։ Ադրբեջանագետի խոսքով՝ Բաքվին այլ բան չէր մնում, քան դադար վերցնել վերադասավորվելու համար. - «Չգիտենք, թե դա ինչքան կտևի, որովհետև ընդհանուր առմամբ ելնելով Ալիևի հռետորաբանությունից, նաև վերջին նշանակումից արտգործնախարարի, այնտեղ հնչած կարևոր ուղերձներից` կարծում եմ` իրենք կոշտացման ու հարձակողական գործողությունների են անցնելու կամ փորձելու են անցնելու դիվանագիտական ճակատում նաև առաջիկա շրջանում: Իսկ ռազմական գործողությունների առումով, բնականաբար, դժվար է կանխատեսել, բայց գոնե առժամանակ կարծում եմ` Ալիևը կփորձի իր կրած անհաջողություններից դասեր քաղել»:
Սարմանային լարվածությանը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Sky News Arabic-ին տված հարցազրույցում: Արտգործնախարարը հայտարարել է, որ դա ևս մեկ անգամ պարզորոշ կերպով ի ցույց դրեց, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Մնացականյանն ընդգծել է, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հստակ ձևով ցույց տվեցին Հայաստանի պաշտպանական կարողությունները: