Տավուշում նախորդ շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի կորստի հետևանքով ադրբեջանական կողմը շուրջ 200 միլիոն դոլարի վնաս է կրել։ Սա հայկական կողմի նախնական հաշվարկն է։ Հայաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները 13 ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել Տավուշի սահմանամերձ հատվածում, ևս մեկն էլ խոցվել էր Արցախի հյուսիսարևելյան հատվածում, այսօր փոխանցեց ԶՈւ Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ Գարիկ Մովսիսյանը։
«Հիմնականում ԱԹՍ-ները բոլորը խոցվել են երրորդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, բացառությամբ մեկ միավորի, որը բերված է, ցուցահանդեսում ներկայացված է, այն խոցվել է Պաշտպանության բանակի հաշվարկների կողմից հուլիսի 17-ի առավոտյան», - հայտնեց նա:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից 4-ը հետախուզական, իսկ 10-ն էլ հարվածային էին։ Ռազմաավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանն ասում է՝ Ադրբեջանի համար հատկապես լուրջ վնաս էր իսրայելական արտադրության Elbit Hermes 900 ԱԹՍ-ի կորուստը, որի արժեքը հասնում է մինչև 30 միլիոն դոլարի. - «Ամեն մի ԱԹՍ մի քանի հարյուր հազար դոլարների արժողություն ունի, իսկ ավելի մեծերը` միլիոնավոր արժեքների: Բացի դրանից, ամենաթանկը, որ կարելի է ասել, մարդկային կորուստներն են բոլորի համար, որ ինքը միաժամանակ շատ մեծ մարդկային կորուստներ է ունեցել»:
Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդներն այսօր Ռազմաավիացիոն համալսարանում էր ցուցադրել։ Նոր խոցված սարքերի կողքին նաև հներն էին։ Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների` 2016-ից սկսած հայկական կողմը մոտ 40 ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել. - «Բացի ORBITER-3-ի պլանիրային մասից` կորպուսներից, ամբողջ էլեկտրոնիկան իսրայելական է, ինչ վերաբերում է հարվածային և հրթիռային, ամբողջն ուրեմն իսրայելական Elbit, Aerospace ընկերությունների արտադրանքն է: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ իրենք համագործակցում են և Ադրբեջանում համատեղ գործարան են տեղադրել»:
Ադրբեջանական կողմը, սակայն, շարունակում է հերքել իր խոցված անօդաչու թռչող սարքերի մասին հայկական կողմի հայտարարությունները։ Հակառակը՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, թե նախորդ շաբաթվա ընթացքում իրենք խոցել են հայկական անօդաչուներ։ Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ հայտարարությունները:
«Հուլիսյան գործողությունների ընթացքում` 12-ից առ այսօր, մենք կորուստ չենք կրել անօդաչու թռչող սարքերի», - վստահեցնում է ԶՈւ Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետը:
«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նկատում է՝ Ադրբեջանը միայն հայտարարում է հայկական ԱԹՍ-ների խոցման մասին՝ առանց փաստեր ներկայացնելու. - «Օրինակ` այսօրվա դեպքում ունենք, երբ որ իրենք հայտարարում են, թե 2 տակտիկական, մարտավարական ԱԹՍ են խոցել հայկական արտադրության, բայց իրենց մամուլում շրջանառվող լուսանկարները նախորդ տարիներին խոցված անօդաչուներից են, այսինքն` փաստական ապացույց չի տրամադրվել, հետևաբար պարզապես իրենց խոսքին հավատալու որևէ առիթ, իհարկե, չկա»:
Փորձագետն ընդգծում է՝ անցած շաբաթվա ռազմական գործողությունները փաստեցին, որ հատկապես վերջին տարիներին բավականին հզորացել է Հայաստանի Հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգը։ Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում պաշտպանական նպատակներով, սակայն իր ունեցած զինտեխնիկան չի կարողանում արդյունավետ օգտագործել։
Ի դեպ, Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ըստ իր տեղեկությունների՝ Իսրայելից մասնագետներ են հրավիրվել Ադրբեջան՝ բացատրելու, թե ինչպես են հայկական ուժերը խոցում իսրայելական արտադրության անօդաչուները։