Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյանն ու Անդրանիկ Քոչարյանը ծիծաղելի են համարում Ալիևի` «մեկը մեկի դեմ կռվելու» հայտարարությունը


Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը (ձախից) և ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը (աջից)
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը (ձախից) և ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը (աջից)

Գրոհից հետո ծուղակում ադրբեջանցի զինծառայողներ են մնացել, կատարվում է լրահետախուզում

Ադրբեջանական հատուկջոկատայինները երեկ ուշ երեկոյան Տավուշում հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հերթական հարձակումն են ձեռնարկել, հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ու հավելում՝ հայկական զինված ուժերին հաջողվել է գրոհը հետ մղել՝ պատճառելով կորուստներ։ Հայկական կողմն, ըստ խոսնակի, կորուստներ չունի։

«Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից, ունեցել են նաև ծուղակում մնացած զինծառայողներ, որոնք չեն կարողացել կատարել իրենց խնդիրը: Ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո այժմ կատարվում է լրահետախուզում», - ասաց նա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է երեկվա գրոհի մասին հայտարարությունը. «Մեր կողմից ոչ մի նոր գրոհ այդ ուղղությամբ չի եղել։ Հակառակը՝ մեր պետական սահմանի այդ հատվածում հանգստություն է պահպանվում, մենք ոչ մի կորուստ չունենք», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլին։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հակադարձեց՝ այն հանգամանքը, որ ծուղակում ադրբեջանցի զինծառայողներ են մնացել, փաստում է, որ Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածում. - «Ադրբեջանական կողմը երեկ հերքեց տեղեկատվությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք ուղղակի չեն տիրապետում իրավիճակին»:

«Մենք կարիքը չունենք որևէ այլ ուժի»

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած դեպքերից. - «Մեր երկու դիրքերի միջտարածքային հատվածում հայտնվել էին որոշակի ուժեր, որոնք չէին կարողանում դուրս գալ: Մենք փորձում էինք ոչնչացնել կամ գերեվարել, բայց ըստ էության, գիշերային մարտն իր բարդություններով և այլն, կամ դիակներ են թողել. ինքը շատ լավ դիտարկվող հատված չի, դրա համար առավոտ տված պաշտոնական հաղորդագրության մեջ կիրառվեց լրահետախուզում հասկացությունը, որ լրացուցիչ հետախուզության կարիք ունի այսինքն»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե հայկական կողմը նախորդ շաբաթվա ռազմական բախման ժամանակ օգնություն էր խնդրել Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից: «Կռվիր մեզ հետ մեկը մեկի դեմ, կտեսնենք՝ ով կհաղթի», - դիմելով Հայաստանի վարչապետին` հայտարարել է Ալիևը` ընդգծելով, որ այդպես էլ ՀԱՊԿ-ից Ադրբեջանին դատապարտող որևէ հայտարարություն չեղավ։

Ադրբեջանի նախագահի այս հայտարարություննը Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ծիծաղելի է որակում. - «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կոնկրետ մարտական գործողություններ վարում են հենց մեկով, միայնակ, ի տարբերություն Ադրբեջանի` չունեն իսլամիստների, մյուսների կամ Թուրքիայի նման պետության անվերապահ մեջքին կանգնած լինելու հանգամանքը: Մենք կարիքը չունենք որևէ այլ ուժի: Ինքը խոսում է ՀԱՊԿ-ից, ի՞նչ է, ՀԱՊԿ-ից որևէ զինվոր եկե՞լ է, մեր զինվորի կողքին կանգնե՞լ է, կրակե՞լ է ադրբեջանցիների վրա: Այս ամեն ինչը ծիծաղ է առաջացնում ուղղակի»:

«Ադրբեջանի հայտարարությունը չի կարող լայնամասշտաբ պատերազմ սկսելու ահազանգ համարվել»

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով դիմել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Աթթիլա Մեսթերհազիին ու մտահոգություն հայտնել, որ խաղաղությանն ուղղված նրա ուղերձն Արդբեջանը չի գիտակցել, ավելին՝ դրան հակադարձել է հայկական ատոմակայանը թիրախավորելու հայտարարությամբ։ Միջազգային կառույցներն, ըստ Քոչարյանի, պետք է գիտակցեն, որ այս տարածաշրջանում ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծում չի կարող լինել։ «Պետք են քաղաղաքական լուծումներ, ինչը Հայաստանի նոր իշխանությունները հստակ ձևակերպել են», - «Ազատության» հետ զրույցում հավելեց պատգամավորը` համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի այս հայտարարությունը չի կարող լայնամասշտաբ պատերազմ սկսելու ահազանգ համարվել. - «Լայնածավալ պատերազմի պատրաստվող երկրի ղեկավարը ո՞նց կարող է այդպիսի անհեթեթ բաներ խոսել: Մինչև այդպիսի որոշման գալ, ինքը պետք է շատ լավ հասկանա` դրա հետևանքներն ինչպիսին կարող են լինել, որովհետև պատերազմելը մեկ բան է, իսկ պատերազմում հաղթանակներ կերտելը` մեկ այլ բան: Մեր զինված ուժերը նաև հիմա ցույց տվեցին, որ իրենք հաղթանակներ կերտելու իրենց ռեսուրսը չեն փոշիացրել: Քաղաքական լուծումների տարբերակն այսօրվա Հայաստանի նոր իշխանությունները հստակ ձևակերպել են, և դա պետք է ժողովուրդներին բավարարի, և ժողովուրդները երբ որ կհասկանան, որ անիմաստ իրենց զավակներին չպետք է թիրախավորեն իշխանական կամ քաղաքական խնդիրների լուծման համար, այլ պետք է գտնեն խաղաղության հասնելու լուծումներ, այդտեղ մենք կհասնենք խաղաղության»:

Քոչարյանը հումորով արձագանքեց «մեկը մեկի դեմ կռվելու» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ասաց՝ այդ տեքստից տպավորություն է, որ Ալիևը պատրաստվում է կռվել միայն անձամբ Փաշինյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG