Մատչելիության հղումներ

Էրդողանը մեղադրում է Հայաստանին «քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մեջ»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կրկին խոսել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թեմայով։ Ուրբաթօրյա նամազից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ Էրդողանը Հայաստանին «օկուպանտ» է կոչել։

«Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է այս հարցը առանց լուծման է թողել, չի կարողացել լուծել։ Պարզ էր, որ իրավիճակը նման զարգացումների էր հանգեցնելու», - նշել է Թուրքիայի նախագահը՝ հայկական կողմին մեղադրելով «քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մեջ»։

Կրկնելով ավելի վաղ ադրբեջանական իշխանություններին հայտնած անվերապահ աջակցության խոստումները՝ Էրդողանը նշել է, որ կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ նախօրեին ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ բարձր ղեկավարության հետ։

«Կովկասյան ազատամարտի ժամանակների նման այսօր էլ Ադրբեջանի, մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք ու կլինենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած արյունալի բախումների ընթացքում Թուրքիայի նախագահն առաջին անգամ չէ նման բնույթի հայտարարությամբ հանդես գալիս: Նույնանման հայտարարություններով են հանդես եկել նաև այդ երկրի արտգործնախարարությունն ու նախարարը, պաշտպանության նախարարը, խորհրդարանական 5 կուսակցություններից 4-ը: Պաշտոնական Երևանը հակադարձում է Անկարային դատապարտող հայտարարություններով:

Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով. - «21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա»:

XS
SM
MD
LG