Մատչելիության հղումներ

Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում հրադադարի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգի ներդրման շուրջ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը հերթապահություն է իրականացնում, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը հերթապահություն է իրականացնում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում անցած շաբաթ հրավիրած խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով հուլիսի 12-ից հետո հայ- ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին, հայտարարեց, որ «ի վերջո, պետք է ստեղծվի հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ»: Թե կոնկրետ ի՞նչ համակարգի մասին է խոսքը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, վարչապետը չմանրամասնեց։

«Մենք բոլորս պետք է, ի վերջո, դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից, և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի», - ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածություն կողմերի միջև ձեռք էր բերվել դեռևս 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում, սակայն դրանք այդպես էլ իրականություն չդարձան։ Նախկին իշխանության՝ Հանրապետականի ներկայացուցիչները բազմիցս են քննադատել Նիկոլ Փաշինյանին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու համար՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին այլևս չեն բարձրաձայնում։

«Ազատությունը» հարցում է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փորձելով պարզել, թե արդյո՞ք հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծելու հայտարարությունը վերաբերում է հենց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարությունն այս պահին կոնկրետ քայլեր ձեռնարկո՞ւմ է մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծելու ուղղությամբ, ինչի մասին խոսել էր վարչապետը, արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ առկա են անվտանգության և վստահության ամրապնդման հստակ առաջարկներ, այդ թվում՝ միջազգային դիտորդների թվի ավելացման և մշտական տեղակայման, երկու կողմերի միջև ուղիղ կապի ստեղծման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ։ Սակայն Ադրբեջանը մերժել է այդ ամենը։

«Հուսով ենք, որ ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման և ամրապնդման հարցում: Առկա են անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը: Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից, սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննության այդ մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճին, ինչպես նաև հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներին», - ասաց Նաղդալյանը:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի համակարգ ստեղծելու մասին խոսակցությունները նոր չեն, հայկական կողմը շարունակաբար պնդել է հետաքննող մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, որոնք թույլ կտան շփման գծում բացառել զինադադարի խախտումները։ «Որը նաև ենթադրում է Կասպշիկի գրասենյակի ընդլայնում և տեղում ուղիղ կապ», - ասաց Ռուբինյանը:

«Ազատության» հարցին՝ նկատի ունի ադրբեջանական և հայկական կողմերի միջև կապ, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը պատասխանեց. «Այո: Այսինքն ուղիղ կապ, որը կրկին ուղղված կլինի զինադադարի խախտման դեպքերը բացառելուն»:

Հարցին էլ, որ նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածություններից հրաժարվելու համար, արդյո՞ք մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծելու վարչապետի հայտարարությունը վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունը վերաբերում է մոնիթորինգի մեխանիզմ ներդնելուն, իսկ նախկին իշխանությունների հայտարարությունները, կարծում եմ, մեկնաբանելն անշնորհակալ գործ է»:

Իսկ թե ուժի մեջ են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Ռուբինյանը պատասխանեց. «Մենք մշտապես մոնիթորինգի մեխանիզմ ներդնելու հարցը բարձրացրել ենք և շարունակում ենք բարձրացնել»:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ հայ- ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, նաև միջազգային հանրության համար, որ հրադադարի խախտման միջադեպերը հետաքննելու մեխանիզմների ներդրումը խիստ անհրաժեշտություն է, և հայկական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։

XS
SM
MD
LG