Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացված քաղաքական չորս կուսակցությունները Հայաստանին դատապարտող համատեղ հայտարարություն են արել:
Իշխող «Արդարություն ու զարգացում» և «Ազգայնական շարժում», ինչպես նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Լավ կուսակցությունների ղեկավարնների ստորագրած հայտարարության մեջ քննադատություն է հնչում Հայաստանի հասցեին «ագրեսիվ կեցվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության ու կայունության առաջ խոչընդոտ հանդիսանալու համար»:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ «Թուրքիան իր ողջ կարողությամբ շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»:
Խորհրդարանում ներկայացված մյուս՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարությանը չի միացել:
Հիշեցնենք, անցած օրերին նման բնույթի հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի նախագահը, արտգործնախարարությունը և նախարարը, պաշտպանության նախարարը: Պաշտոնական Երևանը հակադարձում է Անկարային դատապարտող հայտարարություններով:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ: