Շիրակի մարզում վերջին օրերին կորոնավիրուսի տարածման ցուցանիշը նվազում է: Պակասել է, ինչպես տանը, այնպես էլ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվը, «Ազատությանը» փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
«Վերջին 2 օրերին մենք շատ փոքր նվազում ենք գրանցել: Այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստանում է 53 քաղաքացի, 52-ն են Շիրակի մարզից, ու տնային հսկողության մեջ գտնվում է 932 քաղաքացի, որոնցից 286-ի մոտ է դրական հաստատված», - հայտնեց նա:
Չնայած վարակվածների թվի որոշակի դրական փոփոխությանը, վերջին օրերին ավելացել են մահվան դեպքերը. - «Ունենք մարզում հաստատված 1686 դեպք, որից մահվան դեպքը` 35-ը, առողջացումը` 419-ը»:
Կառավարությունը 4 մլն դրամ է հատկացրել Գյումրու համայնքային բյուջե` տանը մեկուսացած կորոնավիրուսով հիվանդներին սնունդ տրամադրելու համար: Այդուհանդերձ, Գյումրու ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմենուհի Մխիթարյանը դժգոհում է` չնայած ամեն ինչ արվում է, որ կորոնավիրուսով հիվանդները դուրս չգան, սակայն հաճախ են նրանց տեսնում դրսում՝ հատկապես Անի թաղամասի խանութներում. - «Ուղղակի շատ լավ է, որ գումարը տրամադրվում է սնունդ տրամադրելու համար: Դա նշանակում է, որ եթե մարդիկ մեկուսացված են, տնից դուրս չպիտի գան, տան շեմին ստանալու են այդ սնունդը, բայց ահազանգներ կան, որ 58 թաղամասում շատ հիվանդներ, մարդիկ, հարևանները տեղյակ են, բայց խանութներից օգտվում են և ոչ մի կանոնների չեն հետևում, չգիտեմ` ինչպես է լուծվելու այս հարցը, և շատ-շատ մեծ տարածում է գտել»:
«Ցուցակները մենք չենք կազմել, մեկուսացված քաղաքացիների ցուցակները համայնքապետարանը չի կազմել, ցուցակները տվել է բուժհաստատությունը, մենք էլ համաձայն այդ ցուցակների և համաձայն պարետի ցուցումների` սնունդը վերցնում ենք, տանում ենք, նույնիսկ չենք շփվում», - հայտնում են համայնքապետարանից:
Մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը հաստատեց՝ իրենք ևս ունենում են ահազանգեր. - «Ահազանգեր ստանում ենք, և ահազանգեր ստանալուց անմիջապես հետո մենք անպայման դիմում ենք ոստիկանության տարածքային բաժին և տվյալներ ենք ներկայացնում` փորձելով հնարավորինս սահմանափակել տեղաշարժը»: Ըստ Լեյլի Ասլանյանի` նման ահազանգերը շատ չեն:
Հուլիսի սկզբին կորոնավիրուսի տարածման օջախ էր դարձել Գյումրիի ծերերի խնամքի կենտրոնը. այստեղ վարակման դեպքեր էին հաստատվել և՛ շահառուների, և՛ աշխատակիցների շրջանում։ Այսօր արված կրկնակի թեստերով վարակված 12 աշխատակցի մոտ պատասխանը բացասական է եղել, այդուհանդերձ խնամվող ծերերի մոտ դեռ նոր դեպքեր են հայտնաբերվում. - «Այսօրվա թեստավորման արդյունքում 4 խնամվողի մոտ հաստատվել է դրական դեպք, որից երկուսին պատրաստվում են հոսպիտալացնել հիվանդանոց ստացիոնար բուժման: 4-ից 1-ն է առաջնակի դեպք: Երբ բռնկումը եղավ, ու 42 հոսպիտալացում ունեցանք խնամվողներից, որից 35-ն արդեն առողջացումով վերադարձել են, այս պահին ստացիոնար բուժման մեջ ունենք 4 հոգի, որոնց վիճակը գնահատվում է բավարար»:
Կորոնավիրուսով վարակված տարեցներից մի քանիսը մահացել են. - «Կորոնավիրուսով վարակված 5 խնամվողի մահվան դեպք ունեցանք»:
Մեկ այլ փակ հաստատությունում՝ Ֆրիտյուֆ Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնում ևս վարակման դեպքեր էին արձանագրվել թե՛ աշխատակիցների, թե՛ հաճախող երեխաների մոտ. - «Այսօր նմուշառում իրականացվել է նաև Նանսենի անվան ցերեկային խնամքի կենտրոնում, 44 աշխատակցի մոտ է իրականացվել նմուշառում, որոնցից 4-ի մոտ է դրական թեստը հաստատվել: Նմուշառում իրականացվել է նաև տանն այս պահին գտնվող երեխաների շրջանում` 13 երեխայի, որոնց մոտ թեստերը բացասական են եղել»:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 1686 դեպք: