Մատչելիության հղումներ

«Պիտի դնենք՝ մեր առողջությունն է». այսօրվանից աշխատում է նաև միջմարզային և ներմարզային տրանսպորտը


Այսօրվանից աշխատում է նաև միջմարզային և ներմարզային տրանսպորտը։ Գյումրիի ավտոկայանում մինչ ուղևորների սպասարկումը տրանսպորտային միջոցները ախտահանում էին։

Տրանսպորտային միջոցների մուտքի մոտ ախտահանիչ միջոցներ էին տեղադրել, դռներին գրառում փակցրել, որ առանց դիմակի ու ձեռնոցի չի թույլատրվում երթևեկել:

Վարորդները դիմակ, ձեռնոց կրում էին, ասում էին՝ հարմար չէ, փոխարենը՝ ապահով է: Վստահեցնում էին, թե առանց դիմակ-ձեռնոցի ուղևոր չեն տեղափոխի, քանի որ մեծ տուգանք է սահմանված:

«Դիմացը մարդ պետք է չնստի, դա են զգուշացրել, մեկ էլ պարտադիր մասկա, ձեռնոց: Որ չունենան, տուգանում են 100 հազար դրամ, ինչքան գիտեմ՝ վարորդին», - ասաց վարորդներից մեկը:

Գյումրիից Արևիկ ու Այգաբաց համայնքներ ուղևորվող միկրոավտոբուսին ճանապարհին հանդիպեցինք: Գյուղական համայնքներից հիմնականում Գյումրի էին եկել գնումներ անելու։ Ասում էին՝ կարանտինից հետո առաջին անգամ են քաղաք եկել:

Գյումրի-Երևան միկրոավտոբուսները ևս երթուղի են վերադարձել: Մոտ երկու ժամ դիմակով երթևեկելը որքանո՞վ է հարմար, հատկապես վարորդների համար: «Քանի որ հիմա եղանակն արդեն տաքանում է, շոգ է, միգուցե կարող է մի քիչ շոգ լինի, մի քիչ նեղվենք, բայց որ պետք է, պետք է, պիտի դնենք՝ մեր առողջությունն է», - պատասխանեց նրանցից մեկը:

Գյումրիի ավտոկայանի ավագ ենթակարգավար Շիրակ Հովհաննիսյանը ասաց, որ եթե ընթացքում ուղևորը դիմակը հանում է, վարորդները ցուցում են ստացել ինչպես վարվել. «Նույն պահից կանգնեցվում է մեքենան, էդ ուղևորին կա՛մ իջեցնում ենք, կա՛մ պիտի դիմակը կրի պարտադիր: Այսինքն՝ եթե ոչ, տուգանվելու է վարորդը»:

Գյումրիից Երևան մեկնող հատուկենտ մարդիկ կային։ Ասում էին՝ անվտանգության համար պատրաստ են ողջ ընթացքում դիմակը կրել:

Ավտոկայանի ենթակարգավարի փոխանցմամբ՝ թե՛ ներմարզային, թե՛ Գյումրի-Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորահոսքը զգալիորեն նվազել է։ «Ընդհանրապես նվազել է, ուղևորահոսք չկա, ժողովուրդը ոնց որ թե չեն շփվում իրար հետ, մեքենայով չեն գնում-գալիս, ավելի շատ խուսափում են էս դիմակ, ձեռնոց կրելուց: Մենք առավոտվանից պահպանել ենք այդ կանոնները: Ես առավոտը ականատես եղա՝ մի ուղևորի ասացին՝ դիմակը, իջավ, նստեց տաքսի, գնաց: Ժողովրդի հոգեբանությունն էլ է ոնց որ թե փոխվել», - նշեց Հովհաննիսյանը:

Քաղաքային տրանսպորտը ևս այսօր Գյումրիում թերբեռնված էր աշխատում: Վարորդներն առանց դիմակի ուղևորներին թույլ չէին տալիս օգտվել տրանսպորտից:

XS
SM
MD
LG