Մատչելիության հղումներ

«Գյումրի» բժշկական կենտրոնին թույլատրվել է իրականացնել տրիաժ ծառայություն


Առողջապահության նախարարությունը «Գյումրի» բժշկական կենտրոնին թույլատրել է իրականացնել տրիաժ կամ այսպես կոչված բժշկական տեսակավորման ծառայություն։ Սա համարվում է արդյունավետ եղանակ, երբ միջոցներն անբավարար են բոլորին անհապաղ բուժելու համար, և հիվանդները բաժանվում են խմբերի՝ ելնելով առաջնահերթությունից։

Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդները բուժում են ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ այս պահին 100 մահճակալից զբաղված են 93-ը։ «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ասում է՝ հիվանդանոցը կամա թե ակամա տրիաժ ծառայությունն իրականացնում էր, քանի որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդների է սպասարկում։ Քանի դեռ այդ ծառայությունն իրականացնելու թույլտվություն չունեին, հիվանդանոցն իր հաշվին էր դա անում, որն իր հերթին ֆինանսական խնդիրներ էր առաջացնում. - «Ստացվում էր, որ նմուշառված, հետո կորոնավիրուսով հաստատված դեպքերի շատ մասը` 80 տոկոսը մոտավորապես, ֆինանսական խնդիր էր ստեղծում, որովհետև կորոնավիրուս դրական, որ արդեն գնում էր պետպատվեր, իսկ մինչև այդ իրենք պիտի վճարեին, այդ վճարման հետ խնդիրներ էին, եթե կարգ ու համապատասխան փաստաթուղթ չունեին, մեզ համար բավականին բարդություն էր լինում, և հիվանդանոցը տուժում էր: Այդ քննարկումներն էին արվել: Ես ասել էի այս վերջերս, որ մենք փոխնախարարի հետ համաձայնության ենք եկել, որ ամսի 15-ից էլ ինֆեկցիոնն էլ տրիաժ գործունեություն չէր արել, այդ ընթացքում մոտ 135 հիվանդ ընդունվել է, այդ բաժանմունքով է անցել, մոտ 80 հաստատված դեպքեր են եղել, որոնք տեղափոխվել են տարբեր` և՛ երևանյան կլինիկաներ, և՛ Գյումրիում: Դա նաև պարտավորեցնում է, որ հնարավորինս Առողջապահության նախարարության կողմից տրվելիք այդ պաշտպանիչ միջոցները նաև ներգրավվի այդ բաժանմունքի աշխատակիցները, ու մի քիչ կթեթևանա հիվանդանոցի բեռը: Դա շատ կարևոր է, որովհետև մենք մեծ գումար էինք ծախսում նաև հատուկ պաշտպանիչ միջոցներ կազմակերպելու համար»:

Տրիաժ ծառայության համար առանձնացվել է հատուկ բաժանմունք: Հիվանդանոց տեղափոխված ու կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ունեցող հիվանդները այդ բաժանմունքում կսպասեն թեստի պատասխանին. - «Մեր միջանկյալ բաժանմունքում պառկած կա 8 հիվանդ, որից 4-ի թեստի պատասխանը եկավ, 3-ը` բացասական, մեկը` դրական, այդ հարցը կարգավորվում է, որ ինքը տեղափոխվի, 3 թեստ ուղարկված է, երեկոյան պարզ կլինի, մինչև այդ նորից հիվանդներ ընդունվեն»:

Հնարավո՞ր է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնը ևս վերածվի կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող հիվանդանոցի, հետաքրքրվեցինք Իսահակյանից։

«Նախարարության հետազոտության արդյունքում դա պարզ կլինի, նաև հիվանդության զարգացման: Իհարկե, եթե հիվանդությունը զարգանա այն տեմպերով, որ ավելացումը շատանա, միանշանակ բոլորն էլ պիտի ներգրավվեն այդ գործընթացի մեջ` կա՛մ այլ ելքեր ման գան, կա՛մ ունեցած հնարավորությունները օգտագործեն: Համենայն դեպս մենք պատրաստ ենք, մեր ամբողջ չորրորդ հարկը` մոտ 24 հիվանդասենյակ, թթվածնով հագեցվում է: Դրանք հարկ եղած դեպքում կարող են օգտագործվել: Ասել ենք, որ եթե հարկ լինի, կարող են օգտագործել: Այս պահի դրությամբ դրա հարկը չկա, որովհետև հիվանդները էլ չեն էլ մնում, մի պահ եղավ, որ հիվանդները մնում էին, հիմա հիվանդը նույն օրը... էս պահի դրությամբ ունենք մի հիվանդ, որը պիտի տեղափոխվի ու կտեղափոխվի, այդ խնդիրը չկա: Եթե այդ խնդիրն առաջանա, որ հիվանդները շատանան այստեղ, պարզ է, որ պիտի մտածենք», - ասաց նա:

Տրիաժ ծառայության ներդրումը հնարավորության կտա, որ բուժանձնակազմը հնարավորինս պաշտպանված լինի, ասում է Իսահակյանը։ Նրա ղեկավարած հիվանդանոցում երկու տասնյակից ավելի բուժաշխատող էր վարակվել կորոնավիրուսով, կարդիոլոգիական բաժանմունքի վարիչը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան. - «Թեստերն արդեն բացասական են, ամենաբարդ հիվանդը մեր Ստեփանյան Արթուրն էր, որը Երևանից վերադարձել է Գյումրի` ի ուրախություն, գիտեմ, որ շատերին դա հետաքրքրում է, ինքը Գյումրիում է, լավ է, շուտով կանցնի արդեն իր աշխատանքին»:

Հիվանդանոցն արդեն վերսկսում է պլանային վիրահատություններ իրականացնել: Մի քանի ամիս է` միայն ծայրահեղ հրատապ դեպքերով էին զբաղվում։

XS
SM
MD
LG