Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների թիվը կտրուկ աճել է` շուրջ մեկ շաբաթվա ընթացքում 102-ից հասնելով 260-ի: Վարակի տարածման օջախներ դարձած 2 տեքստիլ արտադրություններին գումարվել են նաև 2 բուժհաստատություններ։ Հաստատված դեպքեր կան նաև ոստիկանների շրջանում:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, չթվարկելով, թե կոնկրետ քանի բուժաշախատողի ու ոստիկանի մոտ է հաստատվել կորոնավիրուսը, նշեց, որ թվերի դինամիկան պարբերաբար փոխվում է.- «Հենց սկզբից էլ ցավոք առողջապահական հիմնարկներն իրենք ամենախոցելին էին այս տեսանկյունից, հատկապես այն օղակները, որոնք առաջնային օգնություն են տրամադրում` հիվանդանոցները, որտեղ շատ հաճախ չհետաձգվող դեպքերի հետ կապված շատ արագ բուժական միջամտության կարիք է առաջանում: Հիմնականում խնդիրն այդ օղակներում է, քանի որ տրիաժ ծառայություն որպես այդպիսին մեր մարզում դեռևս չունենք, ինչի համար մենք այսօր բանակցում ենք նախարարության հետ: Երբ որ հնարավոր կլինի ունենալ միջավայրեր, որտեղ առողջապահական ծառայությունները և այդ ընթացքում վիրուսի հայտնաբերումն իրենք զուգահեռ են իրականացնում, որովհետև դեպքեր ունենք, երբ վթար է, պետք է միջամտություն իրականացնել, տեղափոխել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, հիմա չկա, որովհետև դեռևս հաստատված չի, իսկ շարունակել ծառայություն մատուցել ընդհանուր սկզբունքներով, ինքը շատ մեծ ռիսկ է պարունակում, և ցավոք այս ռիսկը նաև այս պահին կա: Եվ առաջնային բուժօղակները իրենք այդ ռիսկի տիրույթում են, նաև ոստիկանությունը, քանի որ էլի մեծ թվով մարդկային շփումների սպեցիֆիկայում է այդ աշխատանքը, այնտեղ ևս մենք ունենք այս խնդիրը»:
Մարզպետը նշեց, որ վարակակիր բուժաշխատողների թիվն աճում է.- «Զուգահեռ աճում է ընդհանուր այս գործընթացներին, քանի որ ասիմպտոմ վարակվածների թիվն է աճում: Ինքն ալիք է, որ զուգահեռ նաև իր ազդեցությունն է թողնում նաև մյուս ոլորտներում համաճարակային վիճակի հետ կապված»:
3 օրվա ընթացքում ինքամեկուսացման ցուցում ունեցողների թիվն աճել է 328-ով` հասնելով 1029-ի, իսկ հաստատված դրական թեստով մեկուսացներինն աճել է 69-ով` հասնելով 176-ի: Տեսքտիլ 2 արտադրամասերում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» ևս կորոնավիրուսի դեպքերն աճել են: «Այս ընթացքում նաև պարբերաբար այն աշխատակիցներն, ում մոտ որոշակի բողոքներ կամ սիմպտոմներ կային առաջնային օղակով, այդտեղ էլ հիմա յուրաքանչյուրում 10 հոգու մոտ հաստատվեց ավելի, և այս պահին այդ օջախները 30-ից ավելի են յուրաքանչյուրը»,- շեշտեց մարզպետը:
Գյումրիի ինֆեկցոն հիվանդանոցում բուժվող 66 հիվանդից 56-ը Շիրակի մարզից են, ևս 28 շիրակցի տեղափոխվել է մայրաքաղաք: Սոցիալական ցանցերում պարբերաբար գրառումներ են արվում, որ կորոնավիրուսով ինքնամեկուսացածները դրսում են կամ խանութներում: Արդյո՞ք կան ինքնամեկուսացման ցուցումը խախտած ու վարչական պատասխանատվության ենթարկված անձինք: «Այն դեպքերը, որոնք մեզ հասնում են, մենք դեպք առ դեպք քննարկում ենք, քանի որ յուրաքանչյուր ինքնամեկուսացման ցուցում ունեցող ինքն այդ տարածքում նաև ունի ոստիկանության և ԱԻՆ-ի պատասխանատուներ, ովքեր իրենց տեղաշարժման սահմանափակումների հետ կապված գործառույթներ ունեն իրականացնելու: Եվ բոլոր այդ դեպքերում թե տնտեսվարողներին, թե քաղաքացիներին խորհուրդ կտայինք անմիջապես իրենց մտահոգությունը ներկայացնել որևէ պետական պատկան մարմնի: Այն մտահոգությունները, որոնք մեզ հասնում են, մենք ստուգել ենք տալիս, ինձ հասած մտահոգություններով դեռևս որևէ դեպք չի ֆիքսվել»,- հայտնեց Տիգրան Պետրոսյանը:
Դիմակ չկրելու համար ոստիկանները Շիրակի մարզում օրական միջինը 50 արձանագրություն են կազմում, որոշ օրերի էլ թիվը հասնում է 100-ի: