Մատչելիության հղումներ

Գյումրիում վարակի երկու նոր օջախ է հաստատվել


Երկու օջախներն էլ տեքստիլ արտադրության ոլորտում են։ «Լենտեքս» և վերջերս բացված «Սվետտեքս» ընկերություններում չորս տասնյակից ավելի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ, չսպասելով պարետի որոշմանը` երկու ընկերությունները դադարեցրել են աշխատանքը. – «Երկուական աշխատակցի հետ կապված հաստատում էինք ստացել, որից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը որոշում էր կայացրել իրենց կոնտակտավորների և ավելի լայն շրջանակի հետազոտություն աներ: Յուրաքանչյուր կազմակերպությունում 50-ից ավելի մարդկանց հետ իրականացվել էր մնուշառում, թեստավորում երկու օրվա ընթացքում: Եվ երեկ ստացանք պատասխանները, որ երկուսում էլ ունենք 20-ից ավել վարակակիներով օջախ էս պահին: 27 հոգի «Սվետտեքս»-ում է, եթե չեմ սխավում, 26 հոգու մոտ էլ հաստատվել է «Լենտեքս»-ում: Կազմակերպությունների գործունեությունը էս պահին իրենք դադարեցրել են: «Սվետտեքս»-ը որոշում ունի երկշաբաթյա դադար վերցնել, «Լենտեքս»-ում քննարկում են մեխանիզմները և եղանակները»:

«Լենտեքս»-ում այսօր լռություն էր: Մոտ 350 աշխատակից ունեցող ֆաբրիկայի սեփականատեր Կարեն Գոմցյանն ասում է, որ ընկերության աշխատակիցները շարունակում են պոլիկլինիկաներում թեսթեր հանձնել. – «Աշխատել ենք մինչև շաբաթ օրը, երբ որ թեստերը արդեն դրական էին: Ունենք էս պահի դրությամբ արդեն 24 աշխատող դրական արդյունքով: Եվ նրանց հետ շփված մարդկանց շրջանակը նաև ինքնամեկուսացված են: Էս պահին արտադրությունը էլ չենք կարող աշխատացնել, որովհետև մարդիկ հիմնականում արդեն ինքնամեկուսացվել են: Ովքեր որ ընթացքից վատ են զգում իրենց, պոլիկլինիկայում թեստեր են հանձնում էս պահին»:

Գոմցյանը նշեց, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանել են։ Մոտ տասն օր առաջ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները 24 ժամով դադարեցրել էին «Լենտեքս»-ի աշխատանքը փակ աղբամանների հետ կապված խախտման հետևանքով, ինչը վերացնելուց հետո շարունակել էին աշխատանքը: Հիմա դեռ հստակ չգիտեն, թե երբ նորից կվերաբացվեն։

Գործարարն ասում է, որ համավարակի պատճառով լուրջ ֆինանսական վնասներ են կրում:

50 աշխատող ունեցող «Սվետտեքս»-ի սեփականատեր Աշոտ Իլոյանը չցանկացավ զրուցել մեզ հետ։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզից են։ Մարզում այս պահին տնային մեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ արդեն հաստատվել է վիրուսը։

Դրական թեսթով ինքնամեկուսացվածները պահպանում են կանոնները, թե ոչ, հետաքրքրվեցինք Շիրակի մարզպետից։ «Մտահոգություններ ստանում ենք և դրանք կիսում ենք նաև համապատասխան մարմինների հետ: Շիրակի մարզը բաժանվել է 14 տարածքների, յուրաքանչյուր տարածքն ունի առողջապահության ոլորտի, ոստիկանության և ԱԻՆ պատասխանատուներ, ովքեր ուղղակիորեն զբաղվում են մեկուսացվածներով: Հաճախակի նաև ստանում ենք հանրային տեղեկատվություն այս կամ այն դեպքի հետ և փորձում ենք յուրաքանչյուր դեպքով առանձին շարժվել», - փոխանցեց մարզպետ Պետրոսյանը:

XS
SM
MD
LG