Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի նոր օջախ Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում


Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում՝ ծերերի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան և՛ շահառուների, և՛ աշխատակիցների շրջանում: Կենտրոնի շահառուների սպասարկումը մայիսից իրականացնող Հայկական Կարմիր Խաչի լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարակված ծերերի մեծ մասը հոսպիտալացվել է Գյումրիում, Սպիտակում և Երևանում:

Գրիգորյանն ասաց, որ թեստավորում են անցել 160 խնամվողներից 151-ը և 66 աշխատող. - «55 խնամվողները հիվանդ են, նրանցից 37-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, և ունենք 12 աշխատող վարակված, որոնցից մեկն է տեղափոխվել հիվանդանոց: Մնացած 18-ը ասիմպտոմ են և մեկուսացվել են մյուս աշխատողների հետ միասին»:

Սպիտակի հիվանդանոց տեղափոխված տարեցներից մեկը մահացել է: Թեև նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը, սակայն մահվան պատճառը վարակն է, թե ուղեկցող ծանր հիվանդությունը, Նունե Գրիգորյանը չկարողացավ հստակ նշել. - «Մենք դեռևս չգիտենք՝ կապված է էդ վարակի հետ, թե չէ, որովհետև ունեցել է ծանր ուղեկցող հիվանդություն՝ քաղցկեղ: Դրա համար, մենք չենք կարող ասել՝ դրա հետևանք էր, թե չէ»:

Համավարակի առաջին օրերից կարանտինի ռեժիմի անցած հաստատություն որտեղից է թափանցել վիրուսը՝ հստակ չեն կարող ասել: «Մայիսի 27-ից անցել ենք խիստ կարանտինի, երբ որ շուրջօրյա հերթափոխ է, արդեն կարանտինով էր աշխատում, այսինքն՝ երկու շաբաթը մեկ փոխվում էր, և իրենք աշխատանքի անցնելուց առաջ թեստավորում էին անցնում, որպեսզի փոխարինեն և անցնեն աշխատանքի: Սակայն գիտեք՝ էդ գաղտնի շրջանը գոյություն ունի՝ 7 օր, 14 օր, և այդպիսով մենք երեք ամիս կարողացանք դիմակայել, բայց ամբողջովին վարակը կանխել չկարողացանք», - նշեց Նունե Գրիգորյանը:

Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հուլիսի 7-ի դրությամբ ավելացել է 45-ով: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 65 շիրակցի է բուժվում, 1045 քաղաքացի ինքնամեկուսացման ցուցում ունի, նրանցից 263-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG