Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունն ու մամուլն ուշադրության կենտրոնում են պահում հայ-ադրբեջանական սահմանային բախումը


Պաշտոնական Վաշինգտոնը այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողություններին՝ Բաքվին ու Երևանին հորդորում է անհապաղ թուլացնել լարվածությունը, վերսկսել բանակցություններն ու դադարեցնել կրակը։

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությունից: Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել բովանդակային երկխոսությունը և դադարեցնել կրակը Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունները սկսելու համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող մյուս երկրները՝ Ֆրանսիան և Ռուսաստանը նույնպես մտահոգություն են հայտնել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին տեղի ունեցող բախումների կապակցությամբ` կողմերին կոչ անելով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

«Ֆրանսիան դատապարտում է ռազմական ընդհարումները, որ տեղի են ունենում կիրակի օրվանից Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու հանգեցրել են մարդկային զոհերի։ Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և վերականգնել երկխոսությունը լարվածությունից խուսափելու համար», - նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում։

Պաշտոնական Մոսկվան խոստանում է անե լ հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար. այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն. - «Ռուսաստանը ունի հնարավորություններ, և մենք մեկ անգամ չենք օգտվել դրանցից, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Ես վստահ եմ, որ բոլոր մեր հնարավորությունները գործի կդրվեն»:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև հեռավոր Կանադայի դիվանագիտական կառույցը: Պաշտոնական Օտտավան, ի դեպ, անցյալ ամիս դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային։ Այս մասին հայտնի է դարձել երկրի դիվանագիտական կառույցի հատուկ զեկույցից, որի համաձայն՝ արդեն երկրորդ տարին Կանադան Ադրբեջանը չի ներառել ռազմական տեխնիկայի վաճառքի երկրների ցանկում։

«Կանադան կողմերին կոչ է անում անհապաղ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, պահպանել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը», - ասել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում:

Եվրամիության առաջատար անդամ Գերմանիայում ևս մտահոգված են Տավուշում ծավալված բախումների կապակցությամբ։ Դաշնային կառավարությունը Բաքվին և Երեւանին կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնպահ մնալ հետագա սադրիչ հայտարարություններից ու գործողություններից», - DW-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է երկրի դիվանագիտական գերատեսչությունը:

Լարվածությունը թուլացնելու և սադրանքներին վերջ դնելու կոչեր են հնչեցնում նաև հակամարտող կողմերի հարևան երկրների իշխանությունները։ Պաշտոնական Թբիլիսին շեշտում է. - «Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»: Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նաև հույս էր հայտնել, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն, և խաղաղ բանակցությունների միջոցով կկանխվի իրավիճակի հետագա սրացումը:

Մյուս հարեւան Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, չբավարարվելով պաշտոնական հայտարարությամբ, հեռախոսային շփումներ է ունեցել հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ ու լարվածության թուլացման հարցում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն հայտնել:

Երևանի և Բաքվի միջև ռազմական բախումները լայնորեն լուսաբանում է նաև միջազգային մամուլը։

«Ադրբեջանն ու Հայաստանը իրար մեղադրում են ռազմական դիրքերը գնդակոծելու համար», - կարդում ենք The New York Times-ում: «Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգությունը խախտել է կարճատև հրադարարը», - գրում է բրիտանական The Guardian -ը: France24 հեռուստաընկերությունը փաստում է. - «Երկու կովկասյան երկրների միջև միջնորդավորված խաղաղ բանակցությունները իրենց տարածքային վեճին որևէ լուծում չեն բերել: Նավթով հարուստ Ադրբեջանը բազմիցս է ուժով սպառնացել Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել` տեսնելով, որ դիվանագիտական ջանքերը այդ տարածքը վերադարձնելու հարցով անհաջողությամբ են պսակվել»: «Միջազգային անհանգստությունը խորանում է նավթային և գազային խողովակների միջանցք հանդիսացող այդ տարածաշրջանում կայունության սպառնալիքների պատճառով», - գրում է Reuters գործակալությունը։

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պատմական էքսկուրս ներկայացնելով հնդիկ ընթերցողներին՝ The Indian Express պարբերականը մեջբերում է նաև հայ -ադրբեջանական ռազմական բախումներին նախորդած Ադրբեջանի նախագահի հայտնի դարձած ռազմատենչ հայտարարությունը, որում, ինչպես նաև հնդկական պարբերականն է մեջբերում, Ալիևը քննադատել է խաղաղ բանակցությունների գործընթացը` պնդելով, թե այն փակուղում է հայտնվել: Թերթի մեկնաբանը ենթադրում է, որ գործը դժվար թե հասնի լայնածավալ պատերազմի, քանի որ «տարածաշրջանում են անցնում նավթի և գազի ռազմավարական ուղիներ, որոնց հասանելիությունը կարող է արգելափակվել կամ խափանվել այստեղ ցանկացած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով»:

«Ե'վ Հայաստանի, և' Ադրբեջանի համար դա խնդիրներ կստեղծի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ պատերազմը չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից», - եզրափակում է The Indian Express-ը։

«Տասնամյակներ շարունակվող տարածքային վեճի շուրջ նոր բռնկումների ֆոնին երկու կողմերի պաշտոնական ներկայացուցիչները կրկին հայտարարում են սահմանային միջադեպերի մասին», - այսօր հաղորդել է The Japan Times-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG