«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից», - Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Այսօր առավոտյան Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը կանխվել է ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչին հաջորդել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը:
ՊՆ խոսնակի փոխանցմամբ՝ հայկական կողմը զոհեր չունի: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանն էլ այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ «այս գիշեր տեղի ունեցած մարտական լայնածավալ գործողությունների ընթացքում մենք չենք ունեցել ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ»:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հաջորդած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ: