Մատչելիության հղումներ

Անկարան պատասխանում է Երևանի հայտարարությանը՝ մեղադրելով Թուրքիայի վարկաբեկման «կեղծ ջանքերի» մեջ


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ
Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Պաշտոնական Անկարան կրկին սթափության կոչ է արել Հայաստանին: Թուրքիայի արտգործնախարարությունը, ի պատասխան նախօրեին Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որտեղ քննադատություն էր հնչել թուրքական իշխանությունների հասցեին՝ «կողմնակալ և սադրիչ կեցվածք» դրսևորելու համար, Երևանին մեղադրել է «երկերեսանի պահվածքի և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման առաջ իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, թե Հայաստանը «Թուրքիայի դեմ ուղղված վարկաբեկման կեղծավոր ջանքեր է գործադրում»: «Նմանօրինակ անիմաստ մեղադրանքներով և զրպարտանքներով արտաքին քաղաքականություն վարելը օգուտ չի բերի ո՛չ տարածաշրջանին, ո՛չ Հայաստանին»,- վստահեցրել է Անկարան:

Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքի մեջ շեշտվել է ավելի վաղ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ Հայաստանին ուղղած «սթափվելու» կոչը: «Հայաստանի իշխանությունները պետք է ուշքի գան և հնարավորինս շուտ սովորեն լինել Հարավային Կովկասում լուծումների, ոչ թե խնդիրների մաս», - պնդել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Վերջին օրերին Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը կոշտ հայտարարություններով է հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ՝ անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանի իշխանություններին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանին մեղադրել էր ագրեսիվ և անկայունություն բորբոքող կեցվածք դրսևորելու մեջ ու հիշեցրել՝ «Թուրքիան իր ողջ կարողությամբ շարունակելու է լինել բարեկամական և եղբայրական Ադրբեջանի կողքին և երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապել էր երախտագիտություն հայտնել թուրք պաշտոնակցին աջակցության համար: Էրդողանին ուղղված շնորհակալական նամակում նա ընդգծել էր թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքի կարևորությունը «տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման» համար:

Հայաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Թուրքիայի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նույնաբովանդակ ելույթներին, հակադարձել էր. - «Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում: Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG