Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
«Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շարունակելով. - «Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո»:
«ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Ստեղծված իրավիճակում հրամայական են հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը», - ասված է հայտարարությունում:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:
Երեկ սահմանին հարաբերական անդորր էր, այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց նոր բախումների մասին: Հայկական կողմը հայտնում է, որ զոհեր և վիրավորներ չունի, կորուստներ ունի հակառակորդը: