ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ կայացած ճեպազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը սահմանին, վերականգնել բանակցություններն ու դադարեցնել կրակը։
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությունից, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել բովանդակային երկխոսությունը և դադարեցնել կրակը՝ Մինսկի խմբի հետ բանակցությունները սկսելու համար, որպես համանախագահների», - ասել է Փոմփեոն։
Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները նույնպես անդրադարձել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին հուլիսի 12-14-ը տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով երկու կողմից առնվազն 16 մարդ է զոհվել։
«Ֆրանսիան դատապարտում է ռազմական ընդհարումները, որ տեղի են ունենում կիրակի օրվանից Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու հանգեցրել են մարդկային զոհերի։ Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և վերականգնել երկխոսությունը լարվածությունից խուսափելու համար։ Հանդիսանալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ հաստատում է իր հանձնառությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջազգային նորմերին համապատասխան», - նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում։
Փարիզում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը երեկ հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։ Բաքուն պնդում է, թե հուլիսի 14-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայկական երիտասարդական կազմակերպությունների բողոքի ակցիան բռնություն էր, որը խախտել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվեցիան։
Մինսկի խմբի երրորդ համանախագահ Ռուսաստանը ևս կողմերին զսպածության ու հրադադարի կոչ է արել։