Այս գիշեր ժամը 3:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին իր ելույթում:
«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները», - շարունակեց վարչապետը:
«Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը», - ասաց Փաշինյանը: - «Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա»:
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 5:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: «Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ», - հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում:
«Արձանագրեմ նաև, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ: Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերի հասցրած վնասները և տալ գնահատական», - ասաց պետության ղեկավարը:
«Հայաստանի Զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:
Երեկ սահմանին հարաբերական անդորր էր, այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց նոր բախումների մասին: