Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյան. ՍԴ-ում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն


Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում նշեց, որ սահմանադրական փոփոխությունները, որոնց ականատես ենք լինում վերջին 1-2 շաբաթվա ընթացքում, հանգեցրել են իրավիճակի, երբ Սահմանադրական դատարանում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն: Հունիսի 26-ից, հիշեցնենք, ուժի մեջ են մտել հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները:

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ նոր կազմավորվող Սահմանադրական դատարանը կփակի վերադարձի ճանապարհը դեպի ավտորիտար անցյալ, Վահե Գրիգորյանն ասաց` որևէ երաշխիքներ իրենք իրենցով բացարձակ չեն կարող լինել, մանավանդ եթե արատավոր անցյալն իր գնահատականին չի արժանացել, և եթե այդ գնահատականից բխող գործուն քայլեր չեն կատարվել. - «Փոփոխությունները, որոնց ականատես ենք լինում վերջին 1-2 շաբաթվա ընթացքում, հանգեցրել են իրավիճակի, երբ Սահմանադրական դատարանում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն: Բոլոր այն քննադատությունները, որոնք ուղղված են եղել վերջին սահմանադրական փոփոխությունների դեմ, իրենց առանցքում ունեցել են մտացածին մեկ կետ, որ նոր իշխանությունը ձևավորելու է իր քիմքին հաճո Սահմանադրական դատարան», - նշեց Վահե Գրիգորյանը` հավելելով. - «Այս Սահմանադրական դատարանը համալրվելուց հետո ՀՀ-ի պատմության մեջ լինելու է ամենաբալանսավորված Սահմանադրական դատարանը: Ինչպես կվարվի հետագայում այս կամ այն գործով, արդեն անհատապես յուրաքանչյուր դատավորից է կախված, թե ամեն դատավորն ինչպես է իրեն դրսևորելու այս կամ այն գործում»:

Իսկ կարծո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը ևս դատավորի կարգավիճակով կազմելու է ստեղծվելիք հավասարակշռության բաղադրիչը ՍԴ-ում, նա արձագանքեց. - «Ցանկացած դատավոր, ՀՀ ԱԺ-ն սահմանադրի անունից փոփոխություն է կատարել Սահմանադրության մեջ ու փաստացի ՍԴ բոլոր անդամներին ճանաչել է ՍԴ դատավորի կարգավիճակում պաշտոնավարողներ, և բոլոր դատավորները թե Թովմասյանը, թե ամեն մեկը պետք է գործի հակակշիռ իր դիրքավորմամբ մնացածի հակակշիռներին ու կարծիքներին»:

Ինչ վերաբերում է քննադատությանը, որ փոփոխությունների նախագիծը չէր ուղարկվել Սահմանադրական դատարան, ՍԴ դատավորն ընդգծեց ևս մեկ անգամ` ինքը ԱԺ որոշումը պատմական է համարում, որովհետև այն բեկումնային կետ է իրավունքի և քաղաքականության ոլորտներում. - «Առաջին անգամ ՀՀ ԱԺ-ն իր վրա ամբողջական պատասխանատվություն է վերցնելու Սահմանադրությունը մեկնաբանել և կիրառել Սահմանադրությամբ նախատեսված նպատակների և արժեքների պաշտպանության տեսակետից»: Գրիգորյանը հիշեցրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությունը, որը նշել էր, որ շահերի այնպիսի բախում կա, որը հնարավոր չի դարձնում նախագծի նախնական սահմանադրականության ստուգումը Սահմանադրության պահանջներին համապատասխան:

«Ազատություն». - Պարն Գրիգորյան, Դուք կարծում եք, որ ճգնաժամը հաղթահարվել է, և Ձեր մեկնաբանություններից մեկում ասացիք, որ պատմական որոշում կայացվեց Ազգային ժողովի կողմից՝ սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին: Այդուհանդերձ, հիմա տեսնում ենք, որ հանրապետության նախագահը հրաժարվեց ստորագրել վերջին օրենքը, որը նույնպես վերաբերում է Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը, արդյոք սա չի՞ նշանակում, որ ճգնաժամը շարունակվում է:

Վահե Գրիգորյան. - Ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ նորմատիվ ողջ բազան այլևս ձևավորված է, Սահմանադրությունը փոփոխված է, և ճգնաժամը կհաղթահարվի, թե ոչ, այլևս կախված է անհատապես Սահմանադրական դատարանի դատավորներից, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատարանակազմական մարմինների գործունեությունից, այսինքն՝ թե որքանով արդյունավետ, արագ և որակյալ դատավորներով կհամալրեն Սահմանադրական դատարանը: Ճգնաժամ ամբողջությամբ հանգուցալուծված կլինի դրանով, բայց սա չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը այդ պահից ի վեր գործելու է որպես բացարձակ արդյունավետ Սահմանադրական դատարան: Դրա համար, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ են լինելու նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք նախապես պետք է քննարկվեն Սահմանադրական դատարանում նախևառաջ, որովհետև դրանք վերաբերվելու են Սահմանադրական դատարանի ընթացակարգերին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի գործունեության մի շարք այլ ասպեկտների, և դրանից հետո խնդիրները քննարկել օրենսդիրի հետ, օրենսդիրի աջակցությունը ստանալ՝ օրենսդրական փոփոխությունները կատարելու համար:

Սահմանադրական դատարանի երեք անդամների պաշտոնավարումն այլևս դադարեցված է 2020 թվականի հունիսի 26-ի վաղ առավոտյան Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը, և կարիք չկա որևէ այլ օրենսդրական կամ սահմանադրական փոփոխության, այս միանշանակությունը հաստատելու համար: Այն փոփոխությունները, որոնք կատարվել են Սահմանադրական դատարանի մասին օրենքում, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում, բացարձակապես չեն կատարվել այն նկատառմամբ, ինչքանով որ տեսանելի է Ազգային ժողովի քննարկումներից և հիմնավորումներից, որպեսզի դրանցով դադարեցվեն Սահմանադրական դատարանի երեք պաշտոնավարումը դադարեցված դատավորների պաշտոնավարումը մեկ անգամ ևս: Այդ փոփոխությունների նպատակն է համապատասխանեցնել Սահմանադրությանը Սահմանադրական դատարանի մասին որոշ դրույթներ, և ամենակարևոր փոփոխությունը Սահմանադրական դատարանի մասին օրենքում, դա Սահմանադրական դատարանի այլևս պաշտոնաթող անդամների կենսաթոշակային ապահովման երաշխիքների ամրագրումն է: Մի բան, որ օրենսդիրը կարևորել է, և ես նույնպես գտնում եմ, որ այն իրավացիորեն կարևորել է: Այսինքն հանրապետության նախագահի կողմից այդ փոփոխությունների մասին օրենքների նախագծերի չտորագրելը ես չեմ կարծում, որ որևէ կերպով կարող է խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների կատարման գործընթացը: Դա ընդհանրապես կապ չունի, միակ բանը, որ դրանով խոչընդոտվում է Սահմանադրական դատարանի պաշտոնաթող անդամների կենսաթոշակային ապահովման երաշխիքների ուժի մեջ մտնելը ձգձգվելն է: Որևէ այլ իմաստով՝ սահմանադրական կառուցվածքի իմաստով կամ նույնիսկ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածություններ առաջադրելու առումով Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխությունները ոչինչ չեն ավելացնում դրան:

Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների թեկնածությունը պիտի առաջադրվեն մինչև օգոստոսի 26-ը, ինչպես Սահմանադրության 213-րդ հոդվածով է նախատեսված, և դրա համար այլևս որևէ օրենսդրական փոփոխության կարիք ես այս պահին չեմ տեսնում: Այնպես որ ես չեմ կարծում, որ նախագահը որևէ կերպ նպաստում է ճգնաժամի ձգձգմանը, ինչպես քննարկվում է մամուլում կամ իր կողմից չստորագրելը հանգեցնելու է Սահմանադրության արդեն իսկ փոփոխությունների կատարման խոչընդոտների կամ Սահմանադրական դատարանի ճգնաժամի այս կամ այն կերպ խորացման վրա որևէ ազդեցություն կարող է ունենալ:

Ես կարծում եմ, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում կարգավորվելու է և կարգավորվում է, որքանով տեսանելի է, և բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ անհատական իրավունքների հետ կապված խնդիրներ ունեն, ինչպես և Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, կարող են դիմել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի անդամակցությամբ միջազգային կառույցների՝ ցանկացած քաղաքացու համար հասանելի պաշտպանությանը:


Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG