Գլխավոր դատախազությունն արդեն վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու որոշումը։
Հետաքրքրական է, որ վճռաբեկ բողոք են պատրաստում նաև Քոչարյանի փաստաբաննները, թեև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին իրենց համար ցանկալի որոշում կայացրեց՝ ազատ արձակելով մոտավորապես մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնված պաշտոնաթող նախագահին։
2008-ի հետընտրական իրադարձությունների հետևանքով սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, Արսեն Նիկողոսյանն իր որոշման մեջ նշել է, որ իրենց պաշտպանյալը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Հենց այս հանգամանքն էլ վճռաբեկ բողոքում մատնանշելու են փաստաբանները՝ պնդելով, թե դատավորը 2 միլիարդ դրամ գրավի փոխարեն պարզապես առանց որևէ խափանման միջոցի պետք է ազատեր երկրորդ նախագահին։
Հայկ Ալումյան. - «Գտնում ենք, որ խոչընդոտելու հավանականություն չկա: Եթե դատարանը գտնում է, որ խոչընդոտելու հնարավորություն կա, ապա դատարանն ինքը պիտի դա հիմնավորեր, որը, մեր կարծիքով, բավարար չափով հիմնավորված չի: Դրանք գումարած, կա էնպիսի փաստ, որ պարոն Քոչարյանը հինգ ամիս և մեկ օր գործի քննության ընթացքում այնուամենայնիվ գտնվել է ազատության մեջ, ընդ որում` դրա զգալի մասը առանց որևէ տեսակի խափանման միջոցի, և էդ ամբողջ ընթացքում չի արձանագրվել մի փաստ, մի դեպք, որից ուղղակի կամ անուղղակի ձևով հնարավոր լիներ հետևություն անել, որ պարոն Քոչարյանը ունի գործի քննությունը խոչընդոտելու մտադրություն»:
Ալումյանը չի հիշում դեպք, երբ կալանավորն ազատ արձակվեր նման բարձր գրավի դիմաց։ Ու թեև գումարի չափը աննախադեպ էին համարում, բայց այն շատ արագ հավաքվեց ու վճարվեց։ Քոչարյաններին այս հարցում օգնեցին հիմնականում ռուսաստանցի գործարարները։ Նախկին նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ ընտանիքն իր ձեռքի տակ այդքան գումար չունի։
Կալանքից Քոչարյանին ազատ արձակած դատավոր Արսեն Նիկողոսյանն իր որոշման մեջ գրում է. ճիշտ է, կա խոչընդոտելու հավանականություն, բայց՝ ո՛չ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բավարար աստիճանի, ուստի հիմնավորված չեն առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի եզրահանգումները, երբ նա մայիսի 13-ին Քոչարյանին ազատ չարձակեց։
Ըստ դատավորի, գրավի կիրառման միջոցով հնարավոր է նվազեցնել ամբաստանյալ Քոչարյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր ռիսկերը։ Դատավորը նաև շեշտել է, որ 65-ամյա Քոչարյանն առողջական խնդիրներ ունի։ Միևնույն ժամանակ դատավոր Նիկողոսյանն ընդգծում է, թե Քոչարյանին մեղսագրվող արարքների բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը գնահատման ենթարկելով՝ պարզ է դառնում վերագրվող արարքի կատարման եղանակը, մասնավորապես` ենթադրությունն այն մասին, որ Քոչարյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, ինչպես նաև պարզ է դառնում հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մանավորապես՝ ենթադրությունն այն մասին, որ սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածով վերագրվող հանցանքները հասցվել են ավարտին։
Արսեն Նիկողոսյանը պարզաբանում է նաև, թե ինչու է կիրառել ավելի քան 4 միլիոն դոլարի գրավ։ Ըստ դատավորի, հենց այդքան գումարը կարող է Քոչարյանի ազատության համար համարվել ողջամիտ չափ, և որ գրավի չափը պետք է գնահատվի վկայակոչելով մեղադրյալին, նրա ակտիվները։
Վերաքննիչ դատարանում Քոչարյանը հայտարարել էր, որ իր գույքի վրա կալանք է դրված, և անհրաժեշտության դեպքում դուստրն ու որդին կարող են գրավադրել իրենց՝ մոտ 700 միլիոն դրամ արժողությամբ երևանյան բնակարանները։ Նաև հայտարարել էր, որ որպես ռուսական «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն տարեկան աշխատավարձը կազմել է 250 հազար դոլար։
Դատավորը հաշվի է առել նաև Քոչարյանի հետ փոխկապակցված անձնանց անվամբ գրանցված գույքը. մասնավորապես, հիշատակել է Երևանի Պարոնյան, Աբովյան, Վազգեն Սարգսյան, Թումանյան փողոցներում գտնվող տարածքները, ավտոկայանատեղերը, Ծաղկաձորում հանգստի համար նախատեսված տարածքը, Արմավիրի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։
Փաստաբան Հայկ Ալումյանը համաձայն չէ նաև դատավորի այն եզրահանգման հետ, որ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետները թեև հարգանք վայելող անձինք են, բայց նրանց տված երաշխավորությունը չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն լինել ամբաստանյալ Քոչարյանի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման համար։ Այդ մասին են, ըստ դատավորի, վկայում երաշխավորողների հետ ունեցած հարաբերությունների բնույթը, երաշխավորողների կողմից Քոչարյանի և նրա նկատմամբ իրականացվող վարույթի վերաբերյալ ոչ միանշանակ կարծիքները, որոնք որոշակի կասկած են առաջացնում անձնական երաշխավորության կիրառելիության վերաբերյալ։
Փաստաբան Հայկ Ալումյան․ - «Մենք նաև գտնում ենք, որ եթե այդքանի հետո դատարանը գտել է, որ անձնական երաշխավորությունը բավարար երաշխիք չէ, ու այդքանից հետո որոշել է գրավ կիրառել, ապա գրավի չափն է նաև մեզ համար վիճելի։ Մեր կարծիքով, ակնհայտ բարձր թիվ է»։
Մինչդեռ ավելի վաղ դատախազ Գևորգ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում շեշտել էր՝ ո՛չ գրավը, ո՛չ անձնական երաշխավորությունը չեն կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը ազատության մեջ։
Գլխավոր դատախազությունը շարունակում է պնդել, որ դատական քննության այս փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի ոչ պատշաճ վարքագծի ռիսկերը: