«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում նոր փոփոխություններ են սպասվում, այդ իսկ պատճառով պատգամավորների 1/4-րդի նախաձեռնությամբ վաղը Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել։ Իշխող «Իմ քայլից» պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանրամասնում է՝ այս փոփոխություններով լուծվելու է Բարձր դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Կամրագրվեն նաև դատավորների թափուր տեղերը։
«Մյուս խնդիրը լուծվում է Սահմանադրական դատարանի նախագահի թափուր տեղի համալրման հարցը: 213-ի նոր խմբագրությամբ ասում է, որ Սահմանադրական դատարանի նոր նախագահը պետք է ընտրվի թափուր տեղերը համալրելուց հետո, բայց կոնկրետ ժամկետ այս դեպքում Սահմանադրության փոփոխություններում նշված չէ, իսկ արդեն անցումային դրույթներում հստակ ամրագրվում է, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում պիտի նոր նախագահ ընտրվի», - ասաց Հովակիմյանը:
Սահմանադրական դատարանի նոր թեկնածուներին առաջադրելու են կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։ Նրանց մինչև 2 ամիս ժամկետ է տրված։ Իսկ ինչո՞ւ ավելի վաղ իշխող ուժը չգնաց այս փոփոխություններին, երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը բերվեց խորհրդարան, Հովակիմյանը պարզաբանում է՝ այդ փոփոխություններից հետո էր հնարավոր միայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարել. - «Մինչև Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելը նույնիսկ նախագիծ չէր կարող նման ծնվել, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88 հոդվածի անցումային դրույթները, որ կան, դրանք հիմնված են Սահմանադրության 213 հոդվածի հին խմբագրության վրա: Այսինքն` քանի այդ խմբագրումը չէր փոխվել, ոչ ոք իրավունք չուներ փոխել նաև ՍԴ մասին օրենքը»:
Իշխող ուժի պատգամավորն ասում է՝ անկախ այս փոփոխություններից հունիսի 26-ից Հրայր Թովմասյանն արդեն զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով դատավորի կարգավիճակում, իսկ 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանն էլ հեռացել են դատավորների պաշտոնից։ Սակայն Սահմանադրական դատարանի աշխատակազմից ավելի վաղ հակառակն պնդումն էին արել՝ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ նախագահի պաշտոնում և քանի որ արձակուրդում է, Ալվինա Գյուլումյանն է նրան փոխարինում։ Ինքը՝ Գյուլումյանը ևս համոզված է, միայն սահմանադրական փոփոխություններով հնարավոր չէ դադարեցնել իր ու գործընկերների լիազորությունները:
«Հիմա այս օրենսդրական ակտի առկայության պայմաններում և այն պայմաններում, երբ որ սահմանադրական նորմերը այլևս անմիջական կիրառվող նորմեր չեն, անհրաժեշտ առաջանո՞ւմ է որևէ մեկնաբանություն տալու, թե՞ ոչ, առնվազն: Ես ենթադրում եմ, որ աշխատակազմի ղեկավարն էլ հենց սահմանադրական օրենքի այդ նորմն ընթերցելով է, որ նման մեկնաբանություն է տվել», - նշել է Գյուլումյանը:
Իշխող ուժի ներկայացմամբ էլ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Աշոտ Խաչատրյանը, որն այս պահին դատարանի կազմից տարիքով ավագն է։ «Եթե կլինեն օրենսդրական փոփոխություններ, իհարկե կընդունեմ, ինչի՞ մասին է խոսքը: Ես ժամանակին էլ ասել եմ` եթե կփոխվի Սահմանադրությունը», - նկատել է Ալվինա Գյուլումյանը:
Արտահերթ նստաշրջանում նախատեսվում է նաև չեղարկել Ազգային ժողովի՝ ավելի վաղ ընդունած «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը։