Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին։
Կարգն է՝ մինչ նոր ընտրություն բարձր դատարանի նախագահի պարտականությունները ստանձնում է դատարանի կազմից տարիքով ավագը։ Միրզոյանը շնորհավորել է Աշոտ Խաչատրյանին Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ։
Աշոտ Խաչատրյանն էլ իր հերթին հավաստիացրել է՝ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը։
Խաչատրյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելուն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել՝ ֆեյսբուքյան գրառում կատարելով. «Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ և իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում: Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա»:
Երեկվանից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն, Հրայրը Թովմասյանը պետք է լքի ՍԴ նախագահի պաշտոնը, 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանն էլ հեռանան ՍԴ անդամների պաշտոններից։
Այդուհանդերձ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ բարձր դատարանի նախագահը շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը։ Նա, սակայն, երեկվանից արձակուրդում է։ Թովմասյանի պարտականությունները, Ղազարյանի ներկայացմամբ, Ալվինա Գյուլումյանն է իրականացնում։ ՍԴ աշխատակազմի ղեկավարը պնդում է՝ միայն սահմանադրական փոփոխություններով հնարավոր է չէ պաշտոնանկ անել Թովմասյանին ու դադարեցնել 3 դատավորների լիազորությունները։ Ասում է՝ բացի այդ, նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարվեին։
«Սահմանադրական դատարանի մասին ներկա օրենքը չի նախատեսում դեպք, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները պետք է ժամկետից շուտ ոչ իր կամքով դադարեցվեն: Դա նոր նորմ է, նոր իրավակարգավորում է, որը եղել է Սահմանադրական փոփոխությունից հետո: Հիմա պետք է Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ արվեն, որպեսզի նկարագրվի, թե այդ դեպքի պարագայում ինչպես պետք է հրաժեշտ տան մարդիկ պաշտոնին, ինչպես պետք է մյուսը ստանձնի պաշտոնը: Դա պետք է օրենքներով կարգավորեն», - ասաց Ղազարյանը:
Իշխանությունները շարունակում են հակադարձել՝ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են անկախ այդ կարգավորումներից:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը նշեց. «Ազգային ժողովի նախագահի կողմից երեկ տարածված, և այսօր Ազգային ժողովի նախագահի և Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանի համատեղ հաղորդագրությունում հստակ արտահայտված է մեր դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնակատարը հանդիսանում է Աշոտ Խաչատրյանը: Երկու ինստիտուտների միջև փոխհարաբերություններում մենք Աշոտ Խաչատրյանի հետ ենք համագործակցելու Սահմանադրական դատարան-Ազգային ժողով հարաբերություններում»:
Երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները սկսվում են հունիսի 27-ից, թեկնածուներին հաջորդաբար առաջադրելու են կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։