Մատչելիության հղումներ

ՍԴ դատավորները կասկածի տակ են դնում իրենց պաշտոնազրկելու օրինականությունը


Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը զրուցում է «Ազատության» հետ, 25-ը հունիսի, 2020թ.
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը զրուցում է «Ազատության» հետ, 25-ը հունիսի, 2020թ.

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հրապարակեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ինչը նշանակում է, որ վաղը դրանք ուժի մեջ կմտնեն։ Նախօրեին ընդունված փոփոխությունների համաձայն` կդադարեցվեն բարձր դատարանի՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ կզրկվի ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով դատավորի կարգավիճակում։​

Մեր դիտարկմանը, թե վաղը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իր վերջին աշխատանքային օրն է, Հրայր Թովմասյանն այսօր կարճ արձագանքեց. - «Դուք ասացիք»:

Ավելի վաղ էլ Հրայր Թովմասյանը, անդրադառնալով Ազգային ժողովում ընդունված սահմանադրական փոփոխություններին, «առ ոչինչ» որակումն էր տվել՝ ասելով, թե դրանց ենթարկվելու իրավունք չունի։ Նույն օրը Թովմասյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք զրկվելով բարձր դատարանի նախագահի պաշտոնից` կշարունակի՞ պաշտոնավարել որպես դատավոր:

Սահմանադրական դատարանի նախագահն ու պաշտոնին հրաժեշտ տվող 3 դատավորներն այսօր հայտարարություն տարածեցին իրենց լիազորությունների դադարեցման ու դատավորի պաշտոնից հեռացնելու մասին։ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, ըստ էության, չեն ընդունում օրենսդրի կողմից ընդունված ու վաղվանից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխությունները։ Իսկ իշխող ուժի ներկայացուցիչներին էլ հորդորում են «դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից»։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը», - ասված է հայտարարության մեջ:


ՍԴ նախագահի ու դատավորների հայտարարություններին անդրադառնալով` «Իմ քայլից» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակադարձում է՝ չենթարկվողներին պարզապես պետք է արգելել դատարան մտնել. - «Դա նույնն է, որ մի քաղաքացի գնա, ուզենա մտնել Սահմանադրական դատարան, ասի` ես այստեղ եմ աշխատում: Մոտավորապես նույն պատկերն է լինելու: Չգիտեմ` ինչ հիմնավորումներով են այդ մարդիկ ասում, որ չեն դադարելու գնալ աշխատանքի, բայց վստահ եմ, որ լուծելի խնդիր է դա»:


Իշխող ուժի մեկնաբանմամբ պաշտոնից հեռացող 3 դատավորներից մեկը Ալվինա Գյուլումյանն է։ Վերջինս որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարել է 1996-ից մինչև 2003 թվականները, ապա զբաղեցրել այլ պաշտոններ ու 2014-ին կրկին նշանակվել ՍԴ անդամ։ Գյուլումյանն այսօր ևս «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ինքը նախօրեին ընդունված փոփոխություններով չպետք է պաշտոնից զրկվի. - «Ես ասում եմ՝ ցույց տվեք ակտը, որով դուք կոնկրետ Ալվինա Գյուլումյանին ազատում եք աշխատանքից, նույնն էլ մյուս դատավորների մասով: Ցույց տվեք այն ակտը, որով դուք ազատում եք: Հա, դուք ընդունել եք սահմանադրական փոփոխություններ, բայց ես չեմ կարող օդից վերցնել կամ էլ ինչ-որ մեկի հայտարարությանը հետևելով ասել` վայ, սա տարածվում է նաև իմ վրա, ես գնամ, իրերս հավաքեմ»:

Ըստ Գյուլումյանի՝ իշխող ուժի նախաձեռնած սահմանադրական փոխությունների հետևանքով խախտվում են իր և գործընկերների իրավունքները։ «Ազատության» դիտարկմանը, թե իշխանությունները նրանց վաղ կենսաթոշակի գնալու հնարավորություն էին տվել, Գյուլումյանն արձագանքեց, թե մարդկային և մասնագիտական արժանապատվությունը թույլ չեն տվել օգտվել այդ տարբերակից. - «Ես շարունակում եմ: Ես չգիտեմ` ինչպես կզարգանան իրադարձությունները հետո, եթե որևէ կամայականություն եղավ, ես չեմ պատրաստվում, ես էլի եմ կրկնել, որ այս աշխատանքը կամ այս պաշտոնն ինձ համար ինքնանպատակ չէ»:


Իշխող ուժի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական համարող ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանում» էլ են այն դիրքորոշմանը, թե փոփոխությունները չեն կարող վերաբերել Ալվինա Գյուլումյանին։

«Տիկին Գյուլումյանի հետ կապված հարցը, մեր կարծիքով, չի կարող քննարկման առարկա լինել, որովհետև տիկին Գյուլումյանը 14 թվականից է պաշտոնավարում, և նախկինում իր պաշտոնավարումը չի կարելի ընդհանուր հաշվարի մեջ գումարել», - ասաց ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը:


Իշխող ուժից էլ շարունակում են հակադարձել՝ պնդելով` փոփոխությունները նաև Ալվինա Գյուլումյանին են վերաբերում։ Թե ինչ դիրքորոշում ունեն ՍԴ դատավորները «Իմ քայլի» նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ԱԺ փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանն ասում է՝ դա նրանց խնդիրն է. - «Թե իրենք ինչ են կարծում, սա իրենց նեղ անձնական խնդիրն է, ինձ հետաքրքրում է` ինչ է կարծում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և օրենքները, մնացած պարագայում իրենք կարող են դիմել տարբեր ատյանների և վիճարկել»:

Իշխանությունների ընդունած փոփոխությունները Սահմանադրական դատարանում ցանկանում է վիճարկել «Բարգավաճ Հայաստանը», դրա համար, սակայն նրանց պետք է մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը։

XS
SM
MD
LG