Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյան. Մեկ օրում կորոնավիրուսով վարակման «ռեկորդային» թիվ է գրանցվել


Կառավարության հերթական նիստը, 25 հունիսի, 2020թ.
Կառավարության հերթական նիստը, 25 հունիսի, 2020թ.

Վատ իմաստով «ռեկորդային» թիվ՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակի 771 նոր դեպք 2 հազար 336 թեստավորվածներից, իրավիճակը կառավարության նիստում ներկայացրեց առողջապահության նախարարը՝ այն բնորոշելով լարված, բայց կայուն:

«Տոկոսի առումով ընդհանուր թվի մեջ կրկին տատանվում է նոր դրական դեպքերի թիվը 30 տոկոսի շրջանակներում կատարված հետազոտություններից, այսինքն` այդ իմաստով կարծես թե վիճակը չի փոխվում», - ասաց Արսեն Թորոսյանը:

11 հոգի է մահացել կովիդի հետևանքով, այս թվում` 44 և 46 տարեկան կանայք քրոնիկ հիվանդություններով: Նախարար Թորոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին արհեստական շնչառական սարքին է միացված 40 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում են 103 քաղաքացիներ, 502-ը ծանր են։ Արսեն Թորոսյանը շեշտեց՝ բուժհաստատություններում տեղերի խնդիր չկա. այսօր առավոտյան 51 քաղաքացի սպասում էր հոսպիտալացման ախտորոշիչ կենտրոններում, օրվա ընթացքում նրանք կտեղափոխվեն «կովիդ-հիվանդանոցներ», պիկ չկա նաև վերակենդանացման բաժանմունքներում. - «Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց կրկին այդ տեղերի ազատվելը և զբաղվելը շատ արագ է տեղի ունենում»:

Ինչպիսի՞ն է վարակի տարածվածության պատկերը ,հետաքրքրվեց վարչապետը։ 10-15 օր առաջ կարծիքներ էին հնչում, թե հնարավոր է` վարակակիրների թիվը 100 հազարի է հասնում։ Արսեն Թորոսյանի պարզաբանմամբ՝ մեկ օրում եթե որոշեն հետազոտել Հայաստանի ողջ բնակչությանը, միևնույնն է` իրական պատկեր չի ստացվի, քանի որ վիրուսն ախտորոշվում է վարակից օրեր անց, ամեն դեպքում հույս ունի՝ թիվը 100 հազարից պակաս է։

«Վարակն այժմ ամենուր է, բայց մեծ բռնկումներ չկան»,- ասաց Թորոսյանը` հավելելով. - «Երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի շրջանում տարածվածության տեմպը չի աճում, ինչքան տարիքն իջնում է, այնքան ընկնում է տարածվածության տեմպի աճը, բայց հակառակն ունենք տարեցների մոտ` ինչքան տարիքը բարձրանում է, այնքան տեմպն աճում է»:

Հայաստանում են Առողջապահական համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանն ասաց` նրանց հետ հանդիպման ժամանակ էլ արձանագրվել է` հակահամաճարակային երեք գլխավոր կանոններն ընդհանուր են ողջ աշխարհում, և միակ խնդիրը կարգապահությունն է. - «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօր մեր առաջնային ամենակարևոր օջախները բակերն են, ամենակարևոր օջախները բակ, շենք, թաղամաս»:

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեղեկացրեց՝ միայն երեկ 397 հոգի Երևանում տուգանվել է բակում դիմակ չկրելու համար, նույն օրը ավելի քան 1700 վարչական արձանագրություն է կազմվել: «Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, ընդհակառակը` մեր նպատակը ոչ մեկին չտուգանելն է պայմանով, որ մենք բոլորս պահպանում ենք հակահամաճարակային կանոնները», - նկատեց վարչապետը:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG