Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 771-ով, բուժվածներինը՝ 538-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Բուժաշխատողներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, հունիս, 2020թ.
Բուժաշխատողներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, հունիս, 2020թ.

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 771-ով՝ հասնելով 22 հազար 488-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 538-ով և հասել 11 հազար 335-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 336 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 102 հազար 736-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 397-ի, կորոնավիրուսով վարակված ևս 131 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 625 մարդ:

«Երեկ էլի ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ»

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. - «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը, և կարելի է ասել, որ այս պահին մեր մյուս խնդիրները ծագում են հենց այստեղից»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով իրավիճակը, ընդգծեց. - «Երեկ էլի ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք, կատարված 2 հազար 336 հետազոտություններից: Տոկոսի առումով ընդհանուր թվի մեջ կրկին տատանվում է նոր դրական դեպքերի թիվը 30 տոկոսի շրջանակներում կատարված հետազոտություններից, այսինքն՝ այդ իմաստով կարծես թե վիճակը չի փոխվում, սակայն հաշվի առնելով, որ բացարձակ թիվը ինքնին շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսանկյունից, միևնույն է, իրավիճակը մնում է լարված՝ թեկուզ կայուն, բայց լարված»:

«Իրավիճակի առումով հոսպիտալիզացիայի մենք ունենք բավական բարվոք վիճակ, ինչպես վերջին մի քանի օրերին՝ կիրակի օրվանից սկսած: Առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը, այսինքն՝ մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցային հաստատություններում», - փոխանցեց նախարարը՝ հավելելով, որ այդ իմաստով իրավիճակը «լավ է, կարող ենք գնահատել լավ»:

«Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց կրկին՝ այդ տեղերի ազատվելը և զբաղվելը շատ արագ է տեղի ունենում, այսինքն, որպես այդպիսին՝ կարիք ունեցող և չստացող քաղաքացի մենք չունենք, սակայն դա չի նշանակում, որ էլի վիճակը ինչ-որ առումով բարելավվել է», - շարունակեց նախարարը:

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ըստ Թորոսյանի, «նույնպես կայուն է՝ տատանվում է 600-ի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ՝ 502 ծանր վիճակում ունենք և 113՝ ծայրահեղ ծանր վիճակում, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված ունենք 40 հոգի այս պահի դրությամբ»:

XS
SM
MD
LG