Մատչելիության հղումներ

Ֆրանսիայից ժամանած հայազգի բժիշկը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները


Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբի ղեկավար Լորան Փափազյանը (Ձ) և խմբի անդամ Հայկ Վարդանյանը։
Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբի ղեկավար Լորան Փափազյանը (Ձ) և խմբի անդամ Հայկ Վարդանյանը։

Արդեն 25 տարի Փարիզում աշխատող բժիշկ Հայկ Վարդանյանը երեկ ֆրանսիացի բժիշկների երկրորդ խմբի հետ է ժամանել Հայաստան: Այսօր խումբն աշխատանքի է անցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:

Վարդանյանն ասում է, որ այն, ինչ այժմ տեսնում են Հայաստանում, դրա միջով իրենց անցել են դեռ երեք ամիս առաջ Ֆրանսիայում. – «Նույն վիճակն է, ոնց որ մեր մոտ մարտ ամսին էր»:

«Մենք պատերազմի մեջ ենք, թշնամին աներևույթ է, բայց սպառնում է մեր առողջությանը», - դեռ մարտի կեսերին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը` հավելելով, որ երկիրն է'լ ավելի է խստացնում սահմանափակումները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Այսօր Ֆրանսիան Եվրամիության մյուս պետությունների հետ քննարկում են, թե որ երկրներն են անվտանգ և ում առաջ կարող են բացել սահմանները:

Բժիշկ Վարդանյանի խոսքով, թեև Հայաստանը վաղ անցավ սահմանափակումներին, սակայն ժամանակից շուտ էլ հանեց դրանք: Նա հավելեց, որ հասարակության կողմից հակահամաճարակային կանոնները չպահպանելու հետևանքն է, որ վարակի անկում չի արձանագրվում:

«Կասեն` Դավիթաշենում երկու հոգի մահացավ, Գյումրիում մի հոգի մահացավ... Հարցրեք էդ մարդկանց, կասեն` ոչինչ, երևի Հայաստանի մակարդակով շատ չի: Բայց թող յուրաքանչյուրը մտածի, որ էդ երկուսը կամ մեկը կարող էր իր ընտանիքից լինել, կամ իր հարևանը լինել: Էդ դեպքում ի՞նչ կմտածեք, համաձա՞յն եք, որ շատ չի: Սա շատ կարևոր է: Հիմա ասում եմ` դիմակները կրեք, ձեռքերը պարբերաբար լվացեք, պահպանեք որոշակի կանոնները, միայն էդպես կկարողանանք վիրուսային փոխանցումը դադարեցնել: Ուրիշ հնարավորություն չկա: Էդ բուժումները որ ասում են, դրանք չկա, էդ վիրուսը չի բուժվում... բժիշկները ամեն ինչ անում են, կաշվից դուրս են գալիս: Կոչվում է քաղաքացիական կարգապահություն, պատասխանատվություն... մեկը չէ, երկուսը չէ, բոլորը միասին պետք է անեն: Ինչի՞ պետք է մեր հայ ժողովուրդը մենակ ապրիլի 24-ին միանա... մտածեք, որ էսօր էդ օրն ա: Պետք է բոլորս միասին, նույն ձևով պաշտպանվենք: Էդ ա վիճակը», - նշեց Հայկ Վարդանյանը:

Բժիշկն ասաց, որ իրենք շատ կցանկանային, որ ամիսներ առաջ Ֆրանսիայում իրենց ևս օգնեին: Բայց հիմա հնարավորություն կա իրենց փորձը կիսել հայ մասնագետների հետ. – «Մեզ ոչ մեկը չէր օգնում, ոչ մի ինֆորմացիա չկար: Ո'չ Չինաստանի, ո'չ Իտալիայից ոչ մեկը չէր ասում: Արդեն հետո լույս տեսան հազարավոր հոդվածներ: Հիմա հնարավորություն եղավ, որպեսզի մենք գանք մեր փորձը, որ մենք ապրել ենք, ոնց են դուրս եկել, բժիշկների հետ կիսվելու»:

Վարդանյանն իր գալու մասին չի տեղեկացրել անգամ Հայաստանում ապրող իր հարազատներին: Վերջիններս սոցցանցերից են տեղեկացել, որ ինքը եկել է. – «Գրեցին, բայց ես ժամանակ չունեմ, որ պատասխանեմ»:

Ֆրանսիացի բժիշկների խումբը ղեկավարում է ֆրանսահայ Լորան Փափազյանը: Նա տարօրինակ համարեց համաճարակի երկարատևությունը Հայաստանում: Դրա պատճառը, նրա կարծիքով, հակահամաճարակային կանոններին չհետևելն է. – «Հիմա ժամանակն է, որ բոլորը միասին ուժ ներդնեն այս պայքարի մեջ»:

XS
SM
MD
LG