Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է մեծ թվով՝ 1013 հոգի


Վերջին մեկ օրում աննախադեպ մեծ թվով՝ 1013 հոգի է ազատվել Covid-19-ից։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ հիմնականում թեթև ու անախտանիշ ընթացքով վարակակիրներն են, որոնք մայիսի վերջից տանն են բուժվում:

«14-րդ օրը լրանում է և համակարգում արդեն իրենք համարվում են առողջացած, կրկնակի թեստավորում չի արվում», - ասաց Ալինա Նիկողոսյանը:

Վերջին մեկ օրում 1274 թեստավորվածներից՝ կորոնավիրուս է հաստատվել 418 հոգու մոտ։ Covid-19-ի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, ևս 9 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։ Վարակի բռնկումից մինչև այժմ կորոնավիրուսի հետևանքով և Covid ունեցող, բայց այլ հիվանդությունից մահացել է 498 հոգի։ Այս պահին բուժում է ստանում 10 հազար 364 պացիենտ:

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ տանը հոսպիտալացման սպասող վարակակիր չկա:

«Երեկվա դրությամբ չենք ունեցել մարդիկ, ովքեր սպասում են տանը հոսպիտալացման, այսօր 9-ի դրությամբ ևս չունենք: Ունենք 36 պացիենտ, որոնք գտնվում են տրիաժ կենտրոններում», - նշեց Նիկողոսյանը:

36 վարակակիրներ հոսպիտալացման են սպասում վարակի ախտորոշման ու ուղղորդման կենտրոնում։ Նախարարությունից տեղեկացրին, որ մահճակալների պակասի հարցը լուծվել է մարզերում նոր տեղերի բացման, ինչպես նաև թթվածնային համակարգերի ներկրման շնորհիվ։

Հակահամաճարակային կարգապահությունը բարելավվել է, նկատում է վարչապետը, տնտեսությունն էլ վերականգնման հույսեր է ներշնչում: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ապրիլին խիստ սահմանափակումների փուլում փակվել էին 71 հազար 471 աշխատատեղեր, մայիսին վերականգնվել ավելի քան 50 հազարը:

«Մայիսին, երբ որ մենք որոշեցինք lockdown-ի քաղաքականությունը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է», - ասաց վարչապետը:

Վերականգնվում են նաև առևտրաշրջանառության ծավալները. տնտեսական այս նորությունները, ըստ վարչապետի, անսպասելի են, և նրա հորդորն է՝ հակահամաճարակային կանոնները պահպանել՝ նախկին խիստ սահմանափակումներին չվերադառնալու և տնտեսության գահավիժումը թույլ չտալու համար:

«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Առավոտյան էլ Փաշինյանը հորդորել է եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք, բայց հնարավորություններն անսահմանափակ չեն, ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել էր նա:

«Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է: Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանելով ձեռքերը», - գրել է վարչապետը:

Արդեն երեք ամիս է, ինչ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը վերապրոֆիլավորվել, կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն է դարձել։ Շուրջ 200 տեղանոց բուժկենտրոնում այժմ 11 մահճակալ է ազատ։

Փոխտնօրեն Կարեն Պողոսյանը շեշտում է՝ բուժվողներից ավելի քան 90 տոկոսը թոքաբորբ ունեն. «Վերակենդանացման բաժանմունքում ներկա պահին ունենք 8 ծայրահեղ ծանր հիվանդ, որոնցից 4-ը միացված են արհեստական շնչառության ապարատին: Մյուս հիվանդները՝ վերակենդանացման բաժանմունքի 14 հիվանդները, ծանր հիվանդներ են»:

Մեկ օր առաջ թթվածին արտադրող կայան ստացան, Կարեն Պողոսյանն ասում է՝ այժմ մատակարարների էլ չեն սպասի։ Այսօր բուժկենտրոնից դուրս է գրվել 1000-րդ ապաքինված քաղաքացին։ Ի դեպ, Covid-19-ով հիվանդ հարյուրավոր մարդկանց բուժելու այս երեք ամիսների ընթացքում բուժաշխատողներից որևէ մեկը չի վարակվել:

«Ոչ միայն բժիշկ չենք ունեցել այս եռամսյակի ընթացքում, այլ ընդհանրապես ոչ մի վարակված բուժաշխատող չենք ունեցել՝ ո՛չ մայրապետ, ո՛չ բուժքույր, ո՛չ տեխնիկական աշխատակիցներից», - ասաց փոխտնօրենը:

«Շուտ չէինք ասում, որ մեզ աչքով չտան», - կատակում է Պողոսյանը, չի բացառում, որ այնուամենայնիվ իրենց անձնակազմում էլ վարակ հայտնաբերվի, բայց ամիսներ շարունակ դիմակայել են ու շնորհակալ է բուժկենտրոնի համաճարակաբանին։ Իսկ քաղաքացիներին ուղղված հորդորը միակն է՝ հետևել սեփական ու հարազատների առողջությանը, նույնն է թե պահպանել հակահամաճարակային կանոննեը։

«Պայքարում ենք միասին և անպայման հաղթելու ենք բոլորս միասին, չեմ կասկածում», - նշեց նա:

XS
SM
MD
LG